Հոդված 48. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը
Հոդված 48. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը
1. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովն աշխատանքները կազմակերպում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված ծառայողական քննության կարգին համապատասխան այնքանով, որքանով կարգի դրույթները կիրառելի են Պրոբացիայի ծառայության նկատմամբ:
2. Հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ: Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովի առնվազն հինգ անդամ:
3. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի ուղենշային սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
4. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձին:
5. Պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, շահերի բախման, նվերներ ընդունելու արգելքի վերաբերյալ հարցերի ուսումնասիրության համար նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը: