Հոդված 106. Կենտրոնական բանկի կողմից պատասխանատվության միջոցները և դրանց կիրառման կարգը
Հոդված 106. Կենտրոնական բանկի կողմից պատասխանատվության միջոցները և դրանց կիրառման կարգը
1. Սույն օրենքի, ֆոնդերի և (կամ) կառավարիչների կազմավորման և (կամ) գործունեության հետ կապված հարաբերությունները, կառավարիչների մասնակցությամբ ֆինանսական խմբի գործունեությունը կարգավորող այլ օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը սույն օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց նկատմամբ կարող է կիրառել պատասխանատվության հետևյալ միջոցները (կիրառելիության դեպքում).
1) նախազգուշացում` խախտումը վերացնելու և (կամ) ապագայում նման խախտում չկրկնելու և (կամ) ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով (հանձնարարականներով) (այսուհետ` նաև նախազգուշացում).
2) տուգանք.
3) մասնագիտական որակավորումից զրկում.
4) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում.
5) ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցում:
2. Մեկ խախտման համար կարող է նշանակվել միայն մեկ պատասխանատվության միջոց, բացառությամբ այն դեպքի, երբ նախազգուշացման հետ կիրառվում է նաև տուգանք:
3. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառումը չի բացառում միաժամանակ այլ ընթացակարգով նշանակված քրեական, վարչական, քաղաքացիական կամ պատասխանատվության այլ ձևերի կիրառման հնարավորությունը:
4. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(106-րդ հոդվածը լրաց. 12.11.15 ՀՕ-138-Ն, 22.01.25 ՀՕ-23-Ն)
(22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)