Հոդված 80. Կառավարչի լուծարման ընթացակարգը
Հոդված 80. Կառավարչի լուծարման ընթացակարգը
1. Կառավարչի կառավարման մարմինները պարտավոր են լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովին հանձնել կառավարչի կապարակնիքը, ձևաթղթերը, փաստաթղթերը, նյութական և այլ արժեքներ:
2. Լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովի նախագահը դիմում է պետական լիազոր մարմնին` լուծարվող կառավարչի ֆիրմային անվանման մեջ ներառելու «լուծարվող ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառերը: Պետական լիազոր մարմինը դիմումը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում լուծարվող կառավարչի ֆիրմային անվանման մեջ կատարում է փոփոխություն` ներառելով «լուծարվող ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառերը:
3. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով լուծարվող կառավարչի ֆիրմային անվանման մեջ փոփոխություն կատարելուց հետո` 15-օրյա ժամկետում, փոխել լուծարվող կառավարչի կապարակնիքը, ձևաթղթերը` ներառելով «լուծարվող ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառերը:
4. Լուծարային հանձնաժողովը մինչև պարտատերերի պահանջների բավարարումը սկսելը`
1) հաշվեգրում և գնահատում է լուծարվող կառավարչի ակտիվներն ու պասիվները.
2) ձեռնարկում է կառավարչի բոլոր պարտատերերին հայտնաբերելու և կառավարչի դեբիտորական պարտքերը ստանալու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ.
3) միջոցներ է ձեռնարկում լուծարվող կառավարչի ակտիվներն առավել շահավետ իրացնելու համար.
4) միջոցներ է ձեռնարկում լուծարվող կառավարչի նկատմամբ առկա պարտավորությունների կատարման ապահովման ուղղությամբ.
5) որոշում է կառավարչի պարտավորությունների կատարումից հետո մնացած միջոցները մասնակիցների միջև բաշխելու կարգը:
5. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո` 7-օրյա ժամկետում, կազմում, հաստատում և առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ`
1) լուծարվող կառավարչի գույքի կազմի մասին.
2) պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի մասին, այդ թվում` կառավարչի հաշվեկշռում արտացոլված կամ կառավարչին ներկայացված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր պարտատիրոջը հասանելիք գումարի չափը և սույն օրենքով սահմանված պահանջների բավարարման հերթականությունը, ինչպես նաև իր մերժած պահանջների առանձին ցանկը.
3) պարտատերերի ներկայացրած պահանջների քննարկման արդյունքների մասին.
4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
6. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը հրապարակման օրը ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն իրավունք ունի պարտադրելու լուծարային հանձնաժողովին միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակել առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում:
7. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջները բավարարում է սույն օրենքի 81-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ, միջանկյալ լուծարային հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հրապարակման օրվանից:
(80-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-73-Ն)