Հոդված 33. Հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը
Հոդված 33. Հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը
1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը սույն օրենսգրքով նախատեսված հակաիրավական ոտնձգություն կատարած անձին վնաս է պատճառել նրան իրավասու մարմիններին հանձնելու կամ նոր հակաիրավական արարքը կանխելու նպատակով բռնելիս, եթե տվյալ իրադրությունում բացակայել են բռնելու այլ՝ վնաս պատճառելու հետ չկապված միջոցները, կամ դրանց առկայությունը չի գիտակցվել և չէր կարող գիտակցվել բռնողի կողմից, և դրա համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցում թույլ չի տրվել:
2. Սույն օրենսգրքով նախատեսված հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցում է համարվում բռնելու միջոցների անհամապատասխանությունն արարքի և դա կատարող անձի վտանգավորությանը, ինչպես նաև բռնելու հանգամանքներին, որոնց հետևանքով անձին դիտավորությամբ պատճառվել է այնպիսի վնաս, որը պայմանավորված չի եղել բռնելու անհրաժեշտությամբ:
3. Սույն օրենսգրքով նախատեսված հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ արարքը հանցագործություն է, եթե նախատեսված է սույն օրենսգրքի Հատուկ մասով:
4. Եթե տվյալ իրադրությունում բռնողը վախի, հուզմունքի, սթրեսի կամ այլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոնների ազդեցության հետևանքով չի գիտակցել և չէր կարող գիտակցել, որ ոտնձգությունը հակաիրավական չէ, կամ կատարվել է ոչ այդ անձի կողմից, ապա նման իրավիճակը համարվում է հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու վիճակ: Եթե բռնողը տվյալ իրադրությունում կարող էր գիտակցել, որ ոտնձգությունը հակաիրավական չէ, կամ կատարվել է ոչ այդ անձի կողմից, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության անզգուշությամբ վնաս պատճառելու համար: Եթե տվյալ իրադրությունում անձը թույլ է տվել սույն օրենսգրքով նախատեսված հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցում, ապա ենթակա է քրեական պատասխանատվության հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ հանցանք կատարելու համար:
5. Սույն օրենսգրքով նախատեսված հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու իրավունք, դրա համար լիազորված անձանցից բացի, ունի նաև յուրաքանչյուր ոք: