Հոդված 62. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը
Հոդված 62. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը
1. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության ենթակա օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության սահմաններից հեռացնելն է՝ արգելելով նրան գտնվել Հայաստանի Հանրապետությունում:
2. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը որպես լրացուցիչ պատիժ սահմանվում է 5-10 տարի ժամկետով:
3. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս դրա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու պահից:
4. Այս պատժատեսակը չի կարող նշանակվել`
1) փախստականի կարգավիճակ ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած անձի նկատմամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի,
2) չվերադարձելիության սկզբունքից օգտվող օտարերկրյա քաղաքացու նկատմամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի,
3) մինչև հանցանք կատարելը Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձի հետ ամուսնացած կամ խնամքին Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա ունեցող անձի նկատմամբ,
4) եթե անձը վտարվող պետության տարածքում քրեական հետապնդման է ենթարկվում այնպիսի արարքի համար, որը կարող է պատժվել մահապատժով,
5) եթե հիմնավորվում է, որ վտարվող պետության տարածքում անձը կարող է հետապնդման ենթարկվել ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար, կամ
6) եթե հիմնավորվում է, որ վտարվող պետության տարածքում անձը կարող է ենթարկվել խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։
5. Հայաստանի Հանրապետությունից չեն կարող վտարվել այն անձինք, որոնց նկատմամբ նշանակվել է սույն հոդվածով նախատեսված պատիժը, սակայն մինչև պատժի կատարումը դատապարտյալը ձեռք է բերել փախստականի կամ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացածի կարգավիճակ, կամ նրա նկատմամբ հաստատվել է չվերադարձելիության սկզբունքի կիրառելիությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: