Հոդված 156. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերի լուծման կարգը
Հոդված 156. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերի լուծման կարգը
1. Համապատասխան միջնորդությունը, դիմումը կամ բողոքն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, դատարանը կայացնում է դատական վարույթ հարուցելու մասին որոշում, բացառությամբ սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերի։ Դատական վարույթ հարուցելու մասին որոշում դատարանը կայացնում է նաև սույն օրենսգրքի 153-րդ և 154-րդ հոդվածներով նախատեսված հարցերը սեփական նախաձեռնությամբ քննարկելու անհրաժեշտության դեպքում։
2. Վարույթի հարուցման մասին որոշմամբ դատարանը համապատասխան մարմիններից կամ պաշտոնատար անձանցից կարող է պահանջել դատարան ներկայացնել քննության ենթակա հարցին վերաբերող նյութեր, իսկ բանավոր ընթացակարգով քննությունն իրականացնելու դեպքում՝ նաև ներկայանալ դատական նիստին:
3. Բանավոր ընթացակարգով քննությունն իրականացվում է դատական նիստում` դատապարտյալի, իսկ այն դեպքում, երբ միջնորդությունը ներկայացրել է պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը, ապա նաև վերջինիս ներկայացուցչի մասնակցությամբ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում պարտադիր է նաև դատախազի, դատապարտյալի օրինական ներկայացուցչի և փաստաբանի մասնակցությունը: Հիվանդության հետևանքով դատապարտյալին պատժից ազատելու կամ նրան հիվանդանոցում տեղավորելու հարցը կամ առողջական վիճակի փոփոխությամբ պայմանավորված պատիժը կրելու ուղարկելու հարցը դատարանի կողմից լուծվելիս պարտադիր է եզրակացություն տված համապատասխան բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի ներկայացուցչի ներկայությունը:
4. Բանավոր ընթացակարգով հարցի քննարկումը դատարանում սկսվում է նախագահողի կողմից միջնորդությունը, դիմումը կամ բողոքը հրապարակվելով, որից հետո դատարանը հետազոտում է ներկայացված նյութերը և լսում է դատական նիստին ներկայացած անձանց կարծիքները: Վերջինը ելույթ է ունենում դատապարտյալը կամ նրա փաստաբանը: Այնուհետև դատարանը հեռանում է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու համար:
5. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերի քննության արդյունքով դատարանը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի վերաբերելի դրույթների կիրառմամբ կայացնում է համապատասխան միջնորդությունը, դիմումը կամ բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու կամ մերժելու մասին որոշում, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ որոշումներ։
6. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերը դատարանը քննում և որոշում է կայացնում դատական վարույթ հարուցելու պահից 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենսգրքի 158.1-ին հոդվածով, 158.2-րդ հոդվածով և 160-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետը դատարանի հիմնավորված որոշմամբ կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 15 օրով։
8. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերի վերաբերյալ դատարանի որոշումն ամբողջությամբ պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում է վարույթի մասնակիցներին ոչ ուշ, քան որոշումը հրապարակելու կամ կայացնելու հինգերորդ օրը:
(156-րդ հոդվածը խմբ. 16.01.24 ՀՕ-33-Ն)
(16.01.24 ՀՕ-33-Ն օրենքն ունի անցումային դրույթ)