Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-08-04-ից մինչև 2019-11-21։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2019-11-21-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 12 · ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 127. Հայցադիմումը վերադարձնելը

գործել է մինչև 2019-11-21ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 127. Հայցադիմումը վերադարձնելը

1. Առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե՝

1) գործն ընդդատյա չէ տվյալ առաջին ատյանի դատարանին.

2) հայցադիմումը ներկայացված է դատավարական գործունակությամբ չօժտված անձի կողմից, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի.

3) չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները.

4) չի ներկայացվել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումից ազատելու, դրա վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ դատարանն այն չի բավարարել.

5) հայցադիմումը ստորագրված չէ, կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.

6) հայցվորը չի պահպանել մինչև դատարան դիմելը կողմերի միջև առկա վեճի կարգավորման օրենքով կամ պայմանագրով նախատեսված արտադատական կարգը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գտնում է, որ վեճի կարգավորման արտադատական կարգ սահմանող պայմանագիրն առ ոչինչ է, ուժը կորցրել է կամ ակնհայտորեն չի կարող կատարվել.

7) այլ դատարանի կամ արբիտրաժի վարույթում առկա է նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործ.

8) ամուսինը կնոջ հղիության ժամանակ առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության հայցադիմում է ներկայացրել.

9) մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողներին ուղղված միմյանց հետ չկապված պահանջներ.

10) հակընդդեմ հայցադիմումը չի համապատասխանում սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին կամ ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ.

11) մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն վերադարձնելու պահանջով.

12) վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձը հայցադիմումը ներկայացրել է սույն օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ:

2. Առաջին ատյանի դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին կայացնում է որոշում` այն հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի հետ ուղարկելով հայցվորին: Դատարանի որոշումն ուղարկվում է նաև հայցադիմումում նշված այլ անձանց:

3. Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են հայցադիմումը վերադարձնելու բոլոր հիմքերը:

4. Հայցադիմումի թերությունները վերացնելու համար առաջին ատյանի դատարանը տրամադրում է եռօրյա ժամկետ` սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 10-12-րդ կետերով սահմանված դեպքերի: Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:

5. Հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 12-րդ կետերով նախատեսված դեպքերի:

6. Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը: Այս դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։