Հոդված 369. Վերաքննիչ բողոքի պատասխանը
Հոդված 369. Վերաքննիչ բողոքի պատասխանը
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան`
1) վճռի դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը.
2) որոշման կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրը:
2. Վերաքննիչ բողոքի պատասխանն ուղարկվում է կամ առձեռն հանձնվում է վերաքննիչ դատարան և գործին մասնակցող անձանց:
3. Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։
4. Վերաքննիչ բողոքի պատասխանում նշվում են`
1) վերաքննիչ դատարանի անվանումը.
2) պատասխանը ներկայացրած անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).
3) դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները։
5. Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու կամ առձեռն հանձնելու ապացույցները։
6. Վերաքննիչ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ դատական գործում:
7. Վերաքննիչ բողոքի պատասխան չներկայացնելը չի կարող գնահատվել որպես վերաքննիչ բողոքում նշված փաստարկների հետ համաձայնություն: