Հոդված 94. Դատական ծանուցման կարգը
Հոդված 94. Դատական ծանուցման կարգը
1. Դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե սույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:
2. Ծանուցագիրը պետք է բովանդակի`
1) դատարանի անվանումը.
2) դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը (անվանումը).
3) նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է.
4) նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին.
5) նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին.
6) նշում՝ դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.
7) գործը քննող դատարանի հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն կամ տեղեկություններ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ, որով դատավարության մասնակիցը կարող է դատարանին հաղորդել տեղեկություններ և ուղարկել դատավարական փաստաթղթեր:
3. Դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրն ուղարկում է դատարանի աշխատակազմը:
4. Դատական ծանուցագիրը`
1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.
2) հանձնվում է առձեռն.
3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով՝ սույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:
5. Դատական նիստին ներկա գտնվող դատավարության մասնակիցը հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում է տվյալ դատական նիստում դատավորի կողմից հաղորդելու միջոցով: Եթե դատական նիստի արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման ձևով, ապա հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին տեղեկացված լինելու վերաբերյալ դատավարության մասնակիցն արձանագրության մեջ նշում է և ստորագրում:
6. Կողմերի միջև կնքված պայմանագրից բխող վեճերի լուծման կամ իրավունքների ու պարտականությունների իրականացման ժամանակ կողմերը կարող են դատարանին միջնորդել, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ կարող է կիրառել պայմանագրով նախատեսված ծանուցման կարգը, եթե կնքված պայմանագրով ուղղակիորեն նախատեսված է նման հնարավորություն: Սույն դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ նման հնարավորություն նախատեսված է իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ արժեթղթեր թողարկողի ազդագրով։ Սույն մասով նախատեսված ծանուցման կարգը չի կիրառվում բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է ծանուցման փաստը կամ ծանուցման կարգի վերաբերյալ համաձայնությունը։