Հոդված 323. Դիմումի քննությունը
Հոդված 323. Դիմումի քննությունը
1. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից տասնհինգ օրվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու:
2. Դատարանը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
3. Գործի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ:
4. Դատարանը կարող է արբիտրաժից պահանջել այն գործով նյութերը, որի կապակցությամբ հարկադիր կատարում է հայցվում:
5. Գործի դատաքննության ժամանակ դատարանը պարզում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:
6. Եթե արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դիմումները միացվում են և քննվում են արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննող դատավորի կողմից՝ մեկ վարույթի շրջանակում:
6.1. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով միացված դիմումները քննվում, և դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով:
6.2. Դատարանը կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում դիմումները քննվում, և դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում:
6.3. Դիմումի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են դիմումները միացնելու մասին դատարանի կողմից կայացվող որոշման մեջ, որը կայացվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկվում է արբիտրաժ և արբիտրաժային վարույթի կողմերին:
7. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելուց հետո արգելվում է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը, բացառությամբ այն դեպքի, երբ վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձը հիմնավորում է արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումով վարույթի ընթացքում նման դիմում ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
(323-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 03.05.23 ՀՕ-159-Ն, փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)