Հոդված 96. Դատական ծանուցագիրն առձեռն հանձնելը
Հոդված 96. Դատական ծանուցագիրն առձեռն հանձնելը
1. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցը կարող է ծանուցվել դատական ծանուցագիրն առձեռն հանձնելու միջոցով:
2. Դատական ծանուցագիրն առձեռն հանձնվում է դատավարության մասնակցին դատարանի աշխատակազմի միջոցով:
3. Գործին մասնակցող անձի փաստաբան հանդիսացող ներկայացուցչի կամահայտնության դեպքում դատական ծանուցագրի հանձնումը դատավարության մասնակցին դատարանի համաձայնությամբ կարող է իրականացվել իր միջոցով՝ պահպանելով սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի պահանջները: Եթե դատարանի կողմից այլ ժամկետ չի սահմանվել, ապա մեկշաբաթյա ժամկետում հետադարձ ծանուցումը դատարանում չստացվելու դեպքում ծանուցագրի հանձնումն իրականացվում է դատարանի աշխատակազմի միջոցով:
4. Դատական ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում գործին կցվում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ:
⚖Հոդված 97. Դատական ծանուցագիրը էլեկտրոնային հաղորդակցության միջոցով ուղարկելը
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմնին, իրավաբանական անձին, անհատ ձեռնարկատիրոջը, ինչպես նաև գործին մասնակցող անձի՝ փաստաբանի կարգավիճակ ունեցող ներկայացուցչին հասցեագրված դատական ծանուցագիրն ուղարկվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստին, բացառությամբ այն դեպքերի, երբ նման եղանակով ծանուցում իրականացնելն անհնար է:
2. Դատավարության մասնակիցները դատարանին կարող են գրավոր ներկայացնել իրենց հաղորդակցության միջոցները՝ միջնորդելով ծանուցումը կատարել այդ միջոցով:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված մարմինները և անձինք կրում են իրենց պաշտոնական էլեկտրոնային փոստին կամ իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ուղարկված դատական ծանուցագիրը չկարդալու անբարենպաստ հետևանքները:
4. Դատական ծանուցագիրն էլեկտրոնային փոստին ուղարկելու դեպքում գործին կցվում է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը: Դատական ծանուցագիրը կապի այլ միջոցների կիրառմամբ ուղարկելու դեպքում գործին կցվում են այն ուղարկելու (հաղորդելու) փաստը հաստատող ապացույցներ (արձանագրություն, հեռախոսագիր, ձայնագրություն և այլն):
4.1. Դատական ծանուցագիրը հեռախոսակապով (այդ թվում՝ տեքստային հաղորդագրության) կամ էլեկտրոնային հարթակով (ինտերնետային կայքով, էլեկտրոնային հավելվածով կամ համանման այլ միջոցներով) ուղարկելը կամ այդ մասին հաղորդելը հնարավոր է, եթե կողմն ինքն է դատարանին այդ նպատակով տրամադրել իր հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն: Այդ դեպքում նշված հեռախոսահամարին կամ էլեկտրոնային հասցեին ուղարկված կամ հաղորդած ցանկացած տեղեկություն համարվում է ընդունված կամ ստացված հասցեատիրոջ կողմից: Հեռախոսակապի միջոցով իրականացված ծանուցումը պատշաճ է համարվում, եթե առկա է դատական ծանուցագրի հաղորդագրությունն ուղարկելու և այն հասցեատիրոջ կողմից ստացվելու փաստը հաստատելու հնարավորություն, իսկ հեռախոսային խոսակցության դեպքում՝ դրա բովանդակության մասին ձայնագրություն: Ծանուցման նման եղանակի կիրառման մասին վկայող նյութերը կցվում են գործին:
5. Հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու մասին որոշումը, գործին մասնակցող անձ ներգրավելու որոշումը կամ դատական ծանուցագիրն ստանալու օրվանից, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով և 99-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, գործին մասնակցող անձը հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցվում է դատական իշխանության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկությունները տեղադրելու միջոցով: Գործին մասնակցող անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ` գործով դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ դատական իշխանության պաշտոնական կայքից տեղեկություններ ստանալու համար: Նա պարտավոր է գործը քննող դատարանին անհապաղ գրավոր տեղեկացնել դատական իշխանության պաշտոնական կայքից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման դեպքում դատարանը ծանուցումն իրականացնում է սույն օրենսգրքի 94-րդ հոդվածով նախատեսված այլ եղանակներով:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող և փաստաբան-ներկայացուցիչ չունեցող ֆիզիկական անձի, ինչպես նաև ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում գտնվող կամ բուժական հիմնարկում ստացիոնար բուժում ստացող գործին մասնակցող անձանց նկատմամբ:
(97-րդ հոդվածը խմբ. 23.12.22 ՀՕ-576-Ն, լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն)
(23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)