Հոդված 373. Վերաքննիչ վարույթի կարճումը
Հոդված 373. Վերաքննիչ վարույթի կարճումը
(վերնագիրը խմբ. 07.02.24 ՀՕ-82-Ն)
1. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչև բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վերաքննիչ բողոքից հրաժարվելու մասին:
2. Բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքից հրաժարվելու դեպքում վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում: Եթե դատական ակտը բողոքարկել են նաև այլ անձինք, ապա վարույթը կարճվում է միայն տվյալ բողոքի մասով:
3. Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո սույն օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով վերաքննիչ վարույթը կասեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, բողոք բերողին փոխարինելու վերաբերյալ միջնորդություն չներկայացվելու դեպքում վերսկսում է գործի վարույթը և կայացնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում:
4. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշման հրապարակման պահից առաջին ատյանի դատարանի դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ, եթե այն չեն բողոքարկել այլ անձինք:
5. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
6. Վերաքննիչ դատարանի՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան հրապարակման պահից 15-օրյա ժամկետում:
7. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանի որոշմամբ վերաքննիչ վարույթի հետ կապված դատական ծախսերը դրվում են վերաքննիչ բողոքից հրաժարված անձի վրա, բացառությամբ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի:
(373-րդ հոդվածը խմբ. 07.02.24 ՀՕ-82-Ն)
(07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)