Հոդված 24. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը
Հոդված 24. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը
1. Ֆիզիկական անձին տրված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ հաստատում է օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և այն վավերացման կամ հաստատման ենթակա չէ։
2. Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տալիս է նրա գործադիր մարմնի ղեկավարը կամ կանոնադրությամբ այդ իրավաբանական անձին առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող անձը` նրա ստորագրությամբ, իսկ կնիքի առկայության դեպքում` նաև իրավաբանական անձի կնիքի դրոշմմամբ:
3. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անունից լիազորագիրը տալիս է նրա ի պաշտոնե ներկայացուցիչը` վերջինիս ստորագրությամբ և այդ մարմնի կնիքի դրոշմմամբ։
4. Պաշտոնատար անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ստորագրությամբ և համապատասխան մարմնի կնիքով։
5. Սույն հոդվածի 1-4-րդ մասերում նշված անձանց կողմից այդ մասերով սահմանված կարգով տրված լիազորագրով ներկայացուցիչները ստանձնում են լիազորագիրը տված անձի` որպես դատավարության մասնակցի բոլոր իրավունքները՝ անկախ դրանց վերաբերյալ լիազորագրում հատուկ նշում կատարված լինելու հանգամանքից, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է լիազորագիրը տվող անձի անհամաձայնությունը սույն օրենսգրքով դատավարության մասնակիցներին վերապահված իրավունքներից որևէ մեկով կամ մի քանիսով ներկայացուցչին օժտելու վերաբերյալ: Այդ մասին հատուկ նշվում է ներկայացուցչի լիազորագրում:
6. Դատական նիստին ներկայացուցչի հետ մասնակցող կողմն իրավունք ունի իր ներկայացուցչի լիազորությունները հաստատելու դատարանի առջև` բանավոր սահմանելով վերջինիս լիազորությունների ծավալը։
7. Օրինական կամ ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են նրա կարգավիճակը հավաստող փաստաթղթով։