Հոդված 126. Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից ոչ սթափ վիճակում վարելը
Հոդված 126. Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից ոչ սթափ վիճակում վարելը
Վարորդների կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե նրանք գտնվում են միայն ալկոհոլի ազդեցության տակ, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սահմանված կարգին համապատասխան՝ սթափության վիճակի զննություն անցնելուց խուսափելը`
առաջացնում է վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե նրա արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1.6 գրամը կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ չի գերազանցում 0.5 միլիգրամը, կամ նրա արյան մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությունը առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի սահմանած չափից ավելի է՝
առաջացնում է վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը միևնույն անձի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի վարորդի կողմից`
առաջացնում է վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով:
Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից տրանսպորտային միջոցների վարումը ոչ սթափ վիճակում գտնվող անձին հանձնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերով նախատեսված արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Ծանոթագրություն. Ոչ սթափ վիճակ է համարվում մարդու ֆիզիկական և (կամ) հոգեկան այն վիճակը, որը պայմանավորված է ալկոհոլային խմիչքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ:
Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված բժշկական փորձաքննությունից հետո պարզվել է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.8 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.4 միլիգրամից ավելի է, և (կամ) նրա արյան մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությունը առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի սահմանած չափից ավելի է:
(126-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 16.12.05 ՀՕ-26-Ն)