Հոդված 187. Ճանապարհային հարկով հարկման բազան
Հոդված 187. Ճանապարհային հարկով հարկման բազան
1. Ճանապարհային հարկով հարկման բազա է համարվում ճանապարհային հարկով հարկման օբյեկտի արժեքային կամ ֆիզիկական մեծությունը կամ այն բնութագրիչը, որի հիման վրա սույն բաժնով սահմանված դրույքաչափերով ու կարգով հաշվարկվում է ճանապարհային հարկի գումարը:
2. Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկով հարկման բազա է համարվում բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտքի և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու տևողությունը՝ արտահայտված օրերով, ըստ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների (այդ թվում` կցորդների և կիսակցորդների) թույլատրելի առավելագույն զանգվածի` արտահայտված տոննաներով:
3. Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկով հարկման բազա է համարվում բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի, կցորդի, կիսակցորդի հաշվառման վկայագրում նշված՝ թույլատրելի առավելագույն զանգվածը՝ արտահայտված տոննաներով:
4. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար հարկման բազա է համարվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրված գովազդային վահանակի մակերեսը` արտահայտված քառակուսի մետրերով: Բազմակողմ (երկու և ավելի կողմ ունեցող) գովազդային վահանակի դեպքում հարկման բազա է համարվում գովազդային վահանակի բոլոր կողմերի մակերեսների հանրագումարը:
5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի կիրառության իմաստով, թամբային քարշակ թափքի տեսակ ունեցող ավտոմոբիլի և կիսակցորդի միակցված շարժակազմի (ավտոգնացքի) դեպքում հարկման բազայի որոշման նպատակով հիմք է ընդունվում ավտոգնացքի մեջ մտնող ավտոմոբիլի և կիսակցորդի թույլատրելի առավելագույն զանգվածների հանրագումարը` արտահայտված տոննաներով, իսկ կցորդով շարժվող միակցված շարժակազմի (ավտոգնացքի) դեպքում` շարժակազմի մեջ մտնող ավտոտրանսպորտային միջոցների (այդ թվում՝ կցորդների և կիսակցորդների) թույլատրելի առավելագույն զանգվածների հանրագումարը՝ արտահայտված տոննաներով: