Հոդված 7. Ժամկետները
Հոդված 7. Ժամկետները
1. Հետ ընդունելու դիմումը հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին պետք է ներկայացվի առավելագույնը վեց ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ հայցող մարմինը հայտնաբերել է, որ երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը բնակվում է առանց թույլտվության: Այն դեպքերում, երբ առկա լինեն օրենսդրական կամ գործնական խոչընդոտներ` դիմումը ժամանակին ներկայացնելու համար, դիմումի հիման վրա ժամկետը կերկարացվի, սակայն միայն մինչև այն պահը, երբ խոչընդոտները կդադարեն գոյություն ունենալուց:
2. Հետ ընդունելու դիմումին պետք է պատասխան տրվի առանց անհիմն ուշացման` ամեն դեպքում առավելագույնը մեկ ամսվա ընթացքում. հետ ընդունելու դիմումի մերժման պատճառների մասին պետք է հայտնվի: Անձին հետ ընդունելու վերաբերյալ դիմումի պատասխանը պետք է բաղկացած լինի սույն Համաձայնագրի 8-րդ և 11-րդ Հավելվածներում նշված տվյալներից: Վերը նշված ժամկետը սկսում է գործել հետ ընդունելու դիմումը ստանալու օրվանից: Այդ ժամկետը լրանալուց հետո պատասխանի տրամադրումը կհամաձայնեցվի: Այն դեպքերում, երբ առկա լինեն օրենսդրական կամ գործնական խոչընդոտներ` պատասխանը ժամանակին ներկայացնելու համար, դիմումի հիման վրա ժամկետը կերկարացվի հետագա մեկ ամսով, սակայն միայն մինչև խոչընդոտները վերանալը:
3. Հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը անձին հետ ընդունելու դիմումի վերաբերյալ դրական պատասխանի հիման վրա և ճամփորդական փաստաթղթի տրամադրումից հետո հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին կուղարկի ծանուցում անձի վերադարձի մասին՝ Համաձայնագրի 9-րդ կամ 12-րդ Հավելվածներին համապատասխան, ոչ ուշ քան նախատեսվող վերադարձի օրվանից 7 օր առաջ:
4. Դրական պատասխան տալուց հետո կամ մեկ ամսվա ժամկետը լրանալուց հետո համապատասխան անձը կփոխադրվի առանց անհիմն ուշացման և առավելագույնը երեք ամսվա ընթացքում: Հայցող Պայմանավորվող կողմի դիմումի հիման վրա այս ժամանակահատվածը կարող է երկարացվել օրենսդրական կամ գործնական խոչընդոտները վերացնելու համար անհրաժեշտ ժամանակով: