Հոդված 4. ԱՀԿ կառուցվածքը
Հոդված 4. ԱՀԿ կառուցվածքը
1. Կա բոլոր Անդամների ներկայացուցիչներից կազմված Նախարարական համաժողով, որը ժողովվում է առնվազն յուրաքանչյուր երկու տարին մեկ: Նախարարական համաժողովն իրականացնում է ԱՀԿ գործառույթներն ու ձեռնարկում է դրա համար անհրաժեշտ միջոցներ: Նախարարական համաժողովն իրավասու է Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի բոլոր հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնել որևէ Անդամի պահանջով` համաձայն որոշում կայացնելու վերաբերյալ այն հատուկ պահանջների, որ ունեն սույն Համաձայնագիրն ու համապատասխան Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագիրը:
2. Կա բոլոր Անդամների ներկայացուցիչներից կազմված Գլխավոր խորհուրդ, որը ժողովվում է ըստ անհրաժեշտության: Նախարարական համաժողովի ժողովների միջև ընկած ժամանակահատվածներում նրա գործառույթներն իրականացվում են Գլխավոր խորհրդի կողմից: Գլխավոր խորհուրդն իրականացնում է նաև սույն Համաձայնագրով իր վրա դրված գործառույթները: Գլխավոր խորհուրդը սահմանում է իր ընթացակարգային կանոնները և հաստատում է 7-րդ կետով նախատեսված Կոմիտեների ընթացակարգային կանոնները:
3. Անհրաժեշտության դեպքում Գլխավոր խորհուրդը հավաքվում է կատարելու Վեճերի կարգավորման փոխհամաձայնությամբ նախատեսված Վեճերի կարգավորման մարմնի պարտականությունները: Վեճերի կարգավորման մարմինը կարող է ունենալ իր սեփական նախագահը և սահմանում է այնպիսի ընթացակարգային կանոններ, ինչպիսիք անհրաժեշտ է համարում այդ պարտականությունների կատարման համար:
4. Անհրաժեշտության դեպքում, Գլխավոր խորհուրդը հավաքվում է` կատարելու ԱՔՎԳ-ում նախատեսված Առևտրի քաղաքականության վերաքննության մարմնի պարտականությունները: Առևտրի քաղաքականության վերաքննության մարմինը կարող է ունենալ իր սեփական նախագահը և սահմանում է ընթացակարգային այնպիսի կանոններ, ինչպիսիք անհրաժեշտ է համարում այդ պարտականությունների կատարման համար:
5. Կան Ապրանքների առևտրի խորհուրդ, Ծառայությունների առևտրի խորհուրդ և Մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հարցերով խորհուրդ (այսուհետ՝ «ՄՍԱԱ խորհուրդ»), որոնք գործում են Գլխավոր խորհրդի ընդհանուր ղեկավարության ներքո: Ապրանքների առևտրի խորհուրդը հսկում է 1Ա Հավելվածի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի գործառությունը: Ծառայությունների առևտրի խորհուրդը հսկում է Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի (այսուհետ՝ «ԾԱԳՀ») գործառությունը: ՄՍԱԱ խորհուրդը հսկում է մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրի (այսուհետ՝ «ՄՍԱԱ համաձայնագիր») գործառությունը: Այդ խորհուրդներն իրականացնում են իրենց համապատասխան համաձայնագրերով և Գլխավոր խորհրդի կողմից իրենց վրա դրված գործառույթները: Նրանք սահմանում են իրենց համապատասխան ընթացակարգային կանոնները, որոնք ենթակա են Գլխավոր խորհրդի հաստատմանը: Այդ խորհուրդների անդամությունը բաց է բոլոր Անդամների ներկայացուցիչների համար: Այդ խորհուրդները ժողովվում են, երբ անհրաժեշտ է իրենց գործառույթներն իրականացնելու համար:
6. Ապրանքների առևտրի խորհուրդը, Ծառայությունների առևտրի խորհուրդը և ՄՍԱԱ խորհուրդը պահանջի դեպքում ստեղծում են օժանդակ մարմիններ: Այդ օժանդակ մարմինները սահմանում են իրենց համապատասխան ընթացակարգային կանոնները, որոնք ենթակա են համապատասխան Խորհուրդների հաստատմանը:
7. Նախարարական համաժողովը ստեղծում է Առևտրի և զարգացման կոմիտե, Վճարային հաշվեկշռի սահմանափակումների կոմիտե և Բյուջետային, ֆինանսական և վարչական հարցերի կոմիտե, որոնք իրականացնում են սույն Համաձայնագրով և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերով իրենց վրա դրված գործառույթները և Գլխավոր խորհրդի կողմից իրենց վրա դրված լրացուցիչ գործառույթները, և կարող է ստեղծել լրացուցիչ Կոմիտեներ` այնպիսի գործառույթներով, ինչպիսիք նպատակահարմար կհամարի: Որպես իր գործառույթների մի մաս, Առևտրի և զարգացման կոմիտեն պարբերաբար վերաքննում է Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերում հօգուտ առավել թույլ զարգացած երկրների եղած հատուկ դրույթները և զեկուցում է Գլխավոր խորհրդին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: Այդ խորհուրդների անդամությունը բաց է բոլոր Անդամների ներկայացուցիչների համար:
8. Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրերով նախատեսված մարմինները իրականացնում են այդ Համաձայնագրերով իրենց վրա դրված գործառույթներն ու գործում են ԱՀԿ սահմանակարգային կառուցվածքի շրջանակներում: Այդ մարմինները Գլխավոր խորհրդին պարբերաբար տեղեկացնում են իրենց գործունեության մասին: