Հոդված 9. Որոշումների կայացում
Հոդված 9. Որոշումների կայացում
1. ԱՀԿ-ն շարունակում է ՄԱԳՀ-1947-ի ներքո կիրառվող` ընդհանուր համաձայնությամբ որոշում կայացնելու գործելակերպը (Համարվում է, որ տվյալ մարմինն իր քննարկմանը ներկայացված հարցի վերաբերյալ որոշում է կայացրել ընդհանուր համաձայնությամբ, եթե ժողովին, որի ընթացքում կայացվում է որոշումը, ներկա ոչ մի Անդամ պաշտոնապես չի առարկում առաջարկված որոշման դեմ): Բացառությամբ այլ կերպ նախատեսվածի, եթե որոշումը չի կարող կայացվել ընդհանուր համաձայնությամբ, ապա քննարկման առկա հարցի վերաբերյալ որոշումը կայացվում է քվեարկությամբ: Նախարարական համաժողովի և Գլխավոր խորհրդի ժողովների ժամանակ ԱՀԿ յուրաքանչյուր Անդամ ունի մեկ քվե: Երբ Եվրոպական Համայնքներն են կիրարկում իրենց քվեարկության իրավունքը, նրանց քվեների թիվը հավասար է իրենց անդամ-պետությունների թվին, որոնք ԱՀԿ Անդամներ չեն: Նախարարական համաժողովի և Գլխավոր խորհրդի որոշումները կայացվում են հաշվարկված քվեների մեծամասնությամբ, եթե այլ կերպ չի նախատեսված սույն Համաձայնագրով կամ համապատասխան Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրով:
2. Նախարարական համաժողովը և Գլխավոր խորհուրդը բացառիկ իրավասություն ունեն` ընդունելու սույն Համաձայնագրի և Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի վերաբերյալ մեկնաբանություններ: 1-ին Հավելվածի Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերից որևէ մեկի մեկնաբանման դեպքում նրանք իրենց իրավասությունը կիրարկում են` այդ Համաձայնագրի գործողությունը վերահսկող Կոմիտեի կողմից կատարված առաջարկության հիման վրա: Մեկնաբանություն ընդունելու որոշումը կայացվում է Անդամների թվի երեք քառորդ մեծամասնությամբ: Սույն կետը չի կիրառվում այնպիսի կերպով, որը կթուլացներ 10-րդ հոդվածի` փոփոխությունների վերաբերյալ դրույթները:
3. Բացառիկ դեպքերում Նախարարական համաժողովը կարող է որոշել ազատել սույն Համաձայնագրով կամ Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերից որևէ մեկով Անդամի վրա դրված պարտավորությունից` ընդ որում, ցանկացած այդպիսի որոշում կայացվում է Անդամների թվի երեք քառորդով, եթե այլ բան չի նախատեսված սույն կետով:
ա) Սույն համաձայնագրի առնչությամբ, ազատման համար պահանջը Նախարարական համաժողովի քննարկմանն է ներկայացվում համաձայն ընդհանուր համաձայնությամբ որոշում կայացնելու գործելակերպի: Նախարարական համաժողովը` պահանջը քննարկելու համար ժամկետ է սահմանում, որը չի գերազանցում 90 օրը: Եթե այդ ժամկետում ձեռք չի բերվում ընդհանուր համաձայնություն, ապա ազատում շնորհելու ցանկացած որոշում կայացվում է Անդամների թվի երեք քառորդով:
բ) 1Ա կամ 1Բ կամ 1Գ Հավելվածների Առևտրի բազմակողմ-պարտադիր համաձայնագրերի և դրանց հավելվածների առնչությամբ, ազատման համար պահանջը նախապես ներկայացվում է համապատասխանաբար Ապրանքների առևտրի խորհրդին, Ծառայությունների առևտրի խորհրդին կամ ՄՍԱԱ խորհրդին` 90 օրը չգերազանցող ժամկետում քննարկելու համար: Ժամկետի վերջում, համապատասխան խորհուրդը զեկուցագիր է ներկայացնում Նախարարական համաժողովին:
4. Նախարարական համաժողովի` ազատում շնորհելու որոշման մեջ շարադրվում են այդ որոշումն արդարացնող բացառիկ հանգամանքները, ազատման կիրառումը ղեկավարող պայմանները և այն ժամկետը, երբ ազատումը դադարեցվում է: Մեկ տարվանից ավելի ժամկետով շնորհված ցանկացած ազատում վերաքննվում է Նախարարական համաժողովի կողմից ոչ ուշ, քան այն շնորհելուց մեկ տարի հետո և այնուհետև` յուրաքանչյուր տարին մեկ` մինչ ազատման դադարեցումը: Յուրաքանչյուր վերաքննության ընթացքում Նախարարական համաժողովը քննում է` արդյոք դեռ առկա են ազատումն արդարացնող բացառիկ հանգամանքները և արդյոք պահպանվել են ազատման հետ կապված պայմանները: Նախարարական համաժողովը` տարեկան վերաքննության հիման վրա, կարող է երկարացնել, փոփոխել կամ դադարեցնել ազատումը:
5. Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրի մասով որոշումները, ներառյալ մեկնաբանությունների և ազատումների վերաբերյալ որոշումները ղեկավարվում են այդ Համաձայնագրի դրույթներով: