Հոդված 19. Կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերը
Հոդված 19. Կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերը
Օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե՝
ա) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.
բ) նա դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ մարվել.
գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝
- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
- իրականացնել ահաբեկչական գործունեություն,
- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
- իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ.
դ) նա տառապում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով.
ե) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ և հիմնավորված սպառնալիքներ.
զ) կացության կարգավիճակ հայցելիս նա ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը.
է) նա սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, և այդ մասին որոշման ընդունման պահից չի անցել մեկ տարի: