Հոդված 27. Աշխատանքային պայմանագրի (ծառայությունների մատուցման պայմանագրի) կնքումը
Հոդված 27. Աշխատանքային պայմանագրի (ծառայությունների մատուցման պայմանագրի) կնքումը
1. Աշխատանքային պայմանագիրը (ծառայությունների մատուցման պայմանագիրը) կնքվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան` միայն աշխատանքի թույլտվության վավերականության ժամկետով: Աշխատանքային պայմանագրում (ծառայությունների մատուցման պայմանագրում) պետք է ներառվեն նաև օտարերկրացի աշխատողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետություն փոխադրման, սոցիալական ապահովության և ապահովագրության, դիմավորման, կացարանով ապահովման և բնակության վայրում հաշվառման և վերադարձի հետ կապված հարցերը:
2. Գործատուի գործունեության դադարեցման դեպքում օտարերկրացի աշխատողն իրավունք ունի աշխատանքի թույլտվության գործողության մնացած ժամկետով կնքելու նոր աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) այլ գործատուի հետ` պայմանով, որ նշված ժամկետի ավարտին մնացել է առնվազն երեք ամիս, և նոր գործատուն ստացել է լիազորված մարմնի համաձայնությունը:
3. Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիրը (ծառայությունների մատուցման պայմանագիրը) կնքելուց հետո` եռօրյա ժամկետում, գործատուն դրա պատճենը ներկայացնում է օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմին՝ գրանցման համար: