Հոդված 15. Ժամանակավոր կացության կարգավիճակ տալու հիմքերը և ժամկետները
Հոդված 15. Ժամանակավոր կացության կարգավիճակ տալու հիմքերը և ժամկետները
1. Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի և ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ:
Այդպիսի հանգամանքներ կարող են լինել՝
ա) ուսումը, կամ
բ) սույն օրենքի 4-րդ գլխի համաձայն` աշխատանքի թույլտվության առկայությունը, կամ
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական կարգով բնակվող օտարերկրացու հետ ամուսնությունը, կամ
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու մերձավոր ազգականը (ծնող, եղբայր, քույր, ամուսին, զավակ, տատ, պապ, թոռ) լինելը կամ
ե) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը:
2. Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:
3. Սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետում նշված հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ձեռք բերած օտարերկրացին Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու հետ ամուսնությունը լուծվելու կամ անվավեր ճանաչվելու դեպքում կարող է դիմել ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումով, եթե նա ամուսնության մեջ է գտնվել և Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվել է առնվազն մեկ տարի: