Հոդված 25. Հաստատման ենթակա միջազգային պայմանագիրը
Հոդված 25. Հաստատման ենթակա միջազգային պայմանագիրը
1. Հաստատման ենթակա է սույն օրենքով սահմանված կարգով ստորագրված և սույն օրենքի 24-րդ հոդվածով Ազգային ժողովի վավերացմանը ոչ ենթակա միջազգային պայմանագիրը։
2. Հաստատման ենթակա է նաև հայկական կողմի ստորագրած այն միջազգային պայմանագիրը`
1) որի կնքումը բխում է սույն օրենքով սահմանված կարգով վավերացված և ուժի մեջ մտած միջազգային պայմանագրից, և որը միջկառավարական կամ միջգերատեսչական է կամ պարունակում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված այնպիսի դրույթներ, որոնք իմաստային և բովանդակային առումով նույնությամբ պարունակվում են նաև այդ վավերացված միջազգային պայմանագրում.
2) որը պարունակում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված այնպիսի դրույթներ, որոնք նույնությամբ պարունակվում են նաև սույն օրենքով սահմանված կարգով վավերացված և ուժի մեջ մտած այն միջազգային պայմանագրում, որին հղում է արված այդ նոր կնքվող պայմանագրում, և հղումը վերաբերում է նոր կնքվող պայմանագրի կատարման ընթացքում այդ վավերացված պայմանագրի կիրառմանը։