Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼԸ

Հոդված 42. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ պայմանագրի մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելը

գործել է մինչև 2007-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 42. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ պայմանագրի մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելը

1. Սույն օրենքով սահմանված կարգով միջազգային պայմանագիրն ստորագրելու ժամանակ, պայմանագիրը վավերացնելու կամ հաստատելու պահին, ինչպես նաև տվյալ միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելուց հետո հայկական կողմը կարող է դրա վերաբերյալ կատարել վերապահում, հայտարարություն, պայմանագիրն արդեն իսկ ստորագրած մյուս կողմի արած վերապահման, հայտարարության դեմ առարկություն և հանել դրանք լրիվ կամ մասնակիորեն` տվյալ միջազգային պայմանագրով և միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով և պայմաններով։

Միջազգային պայմանագրի վերաբերյալ հայկական կողմը վերապահում չի կարող անել միջազգային իրավունքի նորմերով նախատեսված դեպքերում։

2. Այն դեպքում, երբ երկկողմ միջազգային պայմանագրի վավերացման կամ հաստատման պահին հայկական կողմը պարզում է, որ մյուս կողմը կատարել է այնպիսի վերապահում կամ հայտարարություն, որը, ըստ միջազգային իրավունքի նորմերի, չպետք է արվեր, հայկական կողմը նման միջազգային պայմանագիրը կարող է վավերացնել կամ հաստատել նման վերապահման կամ հայտարարության դեմ առարկումով:

Եթե վերոնշյալ ձևով վավերացնելը կամ հաստատելը ըստ էության անհամատեղելի է պայմանագրի առարկայի և նպատակների հետ, ապա հայկական կողմը այդ պայմանագիրը կարող է վավերացնել կամ հաստատել միայն այն դեպքում, երբ մյուս կողմը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, հանել է նման վերապահումը կամ հայտարարությունը։

3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու անհրաժեշտությունն առաջացել է այդ պայմանագիրը սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո, ապա դա կարող է արվել արտաքին գործերի նախարարության առաջարկությամբ` իրավասու գերատեսչությանն այդ մասին գրավոր հայտնելու միջոցով կամ իրավասու գերատեսչության նախաձեռնությամբ։

Առաջարկությունն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, ինչպես նաև սեփական նախաձեռնություն դրսևորելիս իրավասու գերատեսչությունը կազմում է տվյալ միջազգային պայմանագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից վերապահում, հայտարարություն կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու փաստաթղթի նախագիծը, կամ ձևակերպում է նման փաստաթղթի վերաբերյալ իր կարծիքը, եթե արտաքին գործերի նախարարությունն իր առաջարկությանը կցել է այդպիսի նախագիծ, և ներկայացնում շահագրգիռ գերատեսչությունների կարծիքին։

Շահագրգիռ գերատեսչությունները 5-օրյա ժամկետում իրավասու գերատեսչություն են ներկայացնում կարծիք վերապահում, հայտարարություն կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու նպատակահարմարության կամ աննպատակահարմարության վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում` նաև առաջարկություններ և դիտողություններ համապատասխան փաստաթղթի նախագծի վերաբերյալ։

Շահագրգիռ գերատեսչությունների կարծիքները ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, իրավասու գերատեսչությունը կազմում է կարծիք` հիմնավորելով իր այն անհամաձայնությունները, որոնք առնչվում են շահագրգիռ գերատեսչությունների կարծիքներին և դրանք ներկայացնում է արտաքին գործերի նախարարություն։

Փաստաթղթերն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը դրանց պատճենները` իր եզրակացությամբ, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն։

4. Արտաքին գործերի նախարարությունից փաստաթղթերը ստանալով` ուժի մեջ մտած միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն, մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու կամ այն մերժելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր դիրքորոշումն արտահայտում է որոշում ընդունելով, որն ուղարկում է արտաքին գործերի նախարարություն։

Արտաքին գործերի նախարարությունը, ստանալով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, 15-օրյա ժամկետում դրանց վերաբերյալ փաստաթղթերն իր եզրակացության հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին։

5. Միջազգային պայմանագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից հայտարարություն, վերապահում կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու առաջարկությանը համաձայնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը հրամանագիր է հրապարակում իր հաստատած միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու մասին։

Վավերացված միջազգային պայմանագրի դեպքում Հանրապետության Նախագահը սահմանված կարգով դիմում է Ազգային ժողով` համապատասխան միջազգային պայմանագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից վերապահում, հայտարարություն կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու հարցով` նշանակելով Ազգային ժողովում այդ հարցը ներկայացնելու համար իր պաշտոնական ներկայացուցչին։

6. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի արած վերապահումը, հայտարարությունը կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկությունը հանելու նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ընթացակարգերը։

7. Միջգերատեսչական միջազգային պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերապահումը, հայտարարությունը կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմի առարկությունը կատարվում են, կամ դրանք հանվում են իրավասու գերատեսչության նախաձեռնությամբ և արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ` առանց սույն հոդվածով նախատեսված ընթացակարգերի իրականացման։

Իրավասու գերատեսչության հիմնավորումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունն իր կարծիքի հետ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին։

Հայկական կողմի վերապահմանը, հայտարարությանը կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ հայկական կողմի առարկությանը կամ դրանց հանելուն համաձայնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը ստորագրում է համապատասխան հրամանագիր։

8. Միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում, հայտարարություն կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկություն անելու կամ դրանք հանելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման կամ Հանրապետության Նախագահի հրամանագրի ընդունումից հետո համապատասխան վերապահման, հայտարարության կամ մյուս կողմի վերապահման, հայտարարության դեմ առարկության տեքստը կամ դրանք հանելու մասին ծանուցումը արտաքին գործերի նախարարությունը տվյալ միջազգային պայմանագրով սահմանված կարգով ներկայացնում է այդ պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի ավանդապահին։

9. Հայկական կողմը չպետք է հայտարարություն անի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վերաբերյալ իր վերապահումը կամ հայտարարությունը հանելու մասին, որն արվել է սույն օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 38-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան, քանի դեռ տվյալ միջազգային պայմանագրով սահմանված կարգով դրանից չեն հանվել այն դրույթները, որոնց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասելու կապակցությամբ հայկական կողմը համապատասխան վերապահում կամ հայտարարություն է արել։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։