Հոդված 23. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը վավերացնելու, հաստատելու, այդ պայմանագրին միանալու կարգը
Հոդված 23. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը վավերացնելու, հաստատելու, այդ պայմանագրին միանալու կարգը
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը վավերացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը և Հայաստանի Հանրապետության Նախագահը:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացնում է միջպետական պայմանագիրը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացնում է նաև միջկառավարական և միջգերատեսչական այն պայմանագրերը, որոնք`
ա) վերաբերում են վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալուն կամ դրանք տրամադրելուն կամ Հայաստանի Հանրապետության համար առաջացնում են այլ անմիջական ֆինանսական պարտավորություններ:
Սույն օրենքի համաձայն` այլ անմիջական ֆինանսական պարտավորություններ են համարվում, մասնավորապես, հարկային և այլ պարտադիր վճարումների գծով արտոնություններ, միջազգային կազմակերպությունների պահպանման, միջպետական (միջկառավարական) հիմնադրամների ձևավորման նպատակով դրամական միանվագ կամ պարբերական մուծումներ նախատեսող պարտավորությունները:
Այլ անմիջական ֆինանսական պարտավորություններ չեն համարվում, մասնավորապես, գործուղումների, օտարերկրյա քաղաքացիների ընդունելության, բնակարանների և այլ գույքի վարձակալության հետ կապված պարտավորությունները.
բ) պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող նորմեր.
գ) պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենքներ ընդունելու նորմեր:
3. Հայաստանի Հանրապետության Նախագահը վավերացնում է բոլոր միջկառավարական պայմանագրերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:
4. Միջգերատեսչական պայմանագիրը, եթե դա, սույն հոդվածի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն, ենթակա չէ վավերացման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, սակայն պարունակում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին հակասող դրույթներ, կամ կողմերը նախատեսել են այդ պայմանագրի հաստատումը, ապա այդ պայմանագիրը հաստատում են`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը, եթե պայմանագիրը հակասում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին կամ կնքված է կենտրոնական բանկի կամ գլխավոր դատախազության անունից.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եթե պայմանագիրը կնքված է Հայաստանի Հանրապետության այլ գերատեսչությունների անունից:
5. Միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ուժի մեջ մտած միջազգային պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու հարցը որոշում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, համապատասխան գերատեսչությունը` ելնելով սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կետերի և սույն օրենքի 24 հոդվածի պահանջներից:
Այն միջգերատեսչական պայմանագրին միանալու դեպքում, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին հակասող դրույթներ, այդ պայմանագիրը, սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն, ներկայացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը: