Հոդված 8. Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրով կարգավորվող հարաբերությունները
Հոդված 8. Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրով կարգավորվող հարաբերությունները
1. Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքին և այլ օրենքներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասության մեջ մտնող հարաբերություններ:
2. Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրով կարգավորվում են`
ա) ընդհանուր տնտեսական, ներառյալ` առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության և տեխնիկայի, կրթության, օտարերկրյա ներդրումների և հարկային հարաբերությունները.
բ) տնտեսության առանձին ճյուղերի հետ կապված հարաբերությունները, եթե դրանք ուղղակիորեն չեն մտնում համապատասխան ճյուղի պետական կառավարում իրականացնող հանրապետական գործադիր մարմնի իրավասության մեջ.
գ) միջկառավարական միջազգային կազմակերպություններ ստեղծելու, դրանց միանալու, վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալու կամ դրանք տրամադրելու, ֆինանսական համագործակցության և դրանց հետ կապված այլ հարաբերություններ:
3. Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ, այնպես էլ ի կատարումն Հայաստանի Հանրապետության միջպետական կամ այլ միջկառավարական պայմանագրի:
3.1. Բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետությունը կարող է միջազգային պայմանագիր կնքել միջազգային կամ օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպության կամ միավորման հետ, որը հիմնադրվել է բարեգործական կամ մարդասիրական գործունեության նպատակով և Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու է բարեգործական, մարդասիրական կամ զարգացման, տեխնիկական, տնտեսական կամ ֆինանսական գործունեություն կամ Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու է մարդասիրական, բարեգործական, տեխնիկական, տնտեսական կամ ֆինանսական օգնություն: Այդպիսի պայմանագիրը նույնպես համարվում է Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագիր:
4. Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրով չեն կարող կարգավորվել Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրով կարգավորվող հարաբերություններ:
(8-րդ հոդվածը լրաց. 05.03.01 ՀՕ-144)