Հոդված 10. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունը
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունը
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, գերատեսչությունները` իրենց գործունեության ոլորտին կամ իրավասությանը վերաբերող հարցերով, ինչպես նաև օտարերկրյա պետությունները և միջազգային իրավունքի այլ սուբյեկտներ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կարող է միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ հանդես գալ նաև այլ գերատեսչության իրավասությանը վերաբերող հարցերով` վերջինիս համապատասխան առաջարկություն ներկայացնելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ շահագրգիռ մեկից ավելի գերատեսչություններ: Այդ գերատեսչությունները կարող են նաև սեփական նախաձեռնությամբ կամ սույն հոդվածի 2-րդ կետում նշված մարմինների և պաշտոնատար անձանց հանձնարարությամբ համատեղ մշակել միջազգային պայմանագրի նախագիծ: Այդ դեպքում դրանցից մեկը հանդես է գալիս որպես գլխավոր նախաձեռնող և պատասխանատվություն է կրում պայմանագրի նախագծի համաձայնեցման և հետագա ընթացքի համար:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու հանձնարարական կարող են տալ`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը` միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր կնքելու վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը` միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր կնքելու վերաբերյալ, բացառությամբ կենտրոնական բանկի և գլխավոր դատախազության անունից կնքվող միջգերատեսչական պայմանագրի:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հանձնարարականների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են միջազգային պայմանագրի կնքման առաջարկությանն ընթացք տալու վերաբերյալ սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի, 13 հոդվածի, ինչպես նաև 14 հոդվածի 2-րդ կետի նորմերով, եթե այդ հանձնարարականներով այլ բան նախատեսված չէ: