Հոդված 12. Արժեթղթերի շուկայի մասնակիցները
Հոդված 12. Արժեթղթերի շուկայի մասնակիցները
Արժեթղթերի շուկայի մասնակիցներն են` ֆոնդային բորսաները, ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսաներ, ինվեստիցիոն ընկերությունները, ինվեստիցիոն ֆոնդերը, ինվեստիցիոն խորհրդատվական գրասենյակները, ինվեստիցիոն բրոքերային գրասենյակները, լիազորված բանկերը, թողարկման կազմակերպությունները, անկախ ինվեստիցիոն բրոքերներն ու դիլերները:
Ֆոնդային բորսան կամ ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսան` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն է` հիմնադրված սահմանափակ պատասխանատվությամբ կամ բաժնետիրական ընկերության ձևով, որը սահմանված որոշակի տեղում և ժամկետներում, իր կողմից հաստատված կանոններով, կազմակերպում է արժեթղթերով հրապարակային սակարկություններ և կատարում` արժեթղթերի գնանշում:
Ինվեստիցիոն ընկերությունը` արժեթղթերի թողարկմամբ, տեղաբաշխմամբ, վերավաճառքով զբաղվող և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն է` հիմնադրված սահմանափակ պատասխանատվությամբ կամ բաժնետիրական ընկերության ձևով:
Ինվեստիցիոն ֆոնդը` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն է` հիմնադրված սահմանափակ պատասխանատվությամբ կամ բաժնետիրական ընկերության ձևով, որն իրականացնում է ներդրողների դրամական միջոցների հավաքագրում և արժեթղթերում այդ միջոցների ներդրում:
Թողարկման կազմակերպությունը` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն է, որն արժեթղթեր թողարկողի կողմից լիազորված է կազմակերպելու և իրականացնելու արժեթղթերի թողարկումը:
Ինվեստիցիոն խորհրդատվական գրասենյակը` ձեռնարկություն է, որը իրականացնում է արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և շրջանառության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ:
Ինվեստիցիոն բրոքերային գրասենյակը` ձեռնարկություն է, որն իր կամ այլ անձանց անունից և հաշվին իրականացնում է արժեթղթերի առուծախ:
Անկախ ինվեստիցիոն բրոքերը` անհատ ձեռներեց է, որն իր անունից այլ անձանց հաշվին, այլ անձանց անունից և իր հաշվին կամ այլ անձանց անունից և վերջիններիս հաշվին իրականացնում է արժեթղթերի առուծախ:
Անկախ ինվեստիցիոն դիլերը` անհատ ձեռներեց է, որն իր անունից և իր հաշվին իրականացնում է արժեթղթերի առուծախ:
Լիազորված բանկերն արժեթղթերի տեղաբաշխումը և վերավաճառքն իրականացնող բանկեր են:
Արժեթղթերի շուկայի մասնակիցներն իրենց գործունեությամբ ղեկավարվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով և իրենց հիմնադիր փաստաթղթերով: