Հոդված 4. Արժեթղթեր թողարկողները (էմիտենտները)
Հոդված 4. Արժեթղթեր թողարկողները (էմիտենտները)
Արժեթղթեր թողարկողը (էմիտենտը) այն իրավաբանական անձն է, որն արժեթղթերը շրջանառության մեջ է բաց թողնում իր անունից և պարտավորություն է կրում այդ արժեթղթերը ձեռք բերողների առջև:
Մուրհակներ և այլ արժեթղթեր թողարկող կարող են լինել նաև անհատ ձեռներեցները և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից արժեթղթեր թողարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
Իշխանության տեղական մարմինների անունից արժեթղթեր թողարկում են այդ մարմինները կամ վերջիններիս կողմից լիազորված կազմակերպությունները:
Այլ թողարկողների անունից արժեթղթեր թողարկում են արժեթղթեր թողարկող սուբյեկտները, ինչպես նաև վերջիններիս կողմից լիազորված կազմակերպությունները:
Արժեթղթերի թողարկմամբ պայմանավորված իրավունքները և պարտականություններն առաջանում են ներդրողի կամ նրա լիազորած անձի կողմից արժեթղթերի ձեռքբերման պահից:
Արժեթղթեր թողարկողի լուծարման դեպքում առևտրային և այլ արժեթղթերի փոխհատուցման իրավունք ունեն հաջորդաբար մուրհակների, գույքի կամ արժեթղթերի գրավի դիմաց թողարկված և այլ պարտատոմսերի, արտոնյալ բաժնետոմսերի և հասարակ բաժնետոմսերի սեփականատերերը:
Արժեթղթեր թողարկողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում արժեթղթերի թողարկման վերաբերյալ իր որոշմամբ կամ ազդագրով ստանձնած բոլոր պարտավորությունների կատարման համար:
Արժեթուղթը անբաժանելի է: Եթե մի արժեթուղթ պատկանում է մի քանի անձանց, ապա նրանք բոլորը միասին համարվում են մեկ սեփականատեր և իրենց ներկայացուցչի միջոցով կարող են օգտվել արժեթղթերի թողարկմամբ պայմանավորված իրավունքներից: Արտարժույթով արտահայտված արժեթղթերի թողարկմամբ պայմանավորված պարտավորությունները կարող են կատարվել արտարժույթով կամ Հայաստանի Հանրապետության արժույթով:
Եթե պարտավորությունների կատարումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության արժույթով, որը պարտադիր պետք է նշված լինի արժեթղթերի թողարկման որոշմամբ կամ ազդագրում, ապա հաշվարկները կատարվում են վճարման օրը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կուրսով, եթե այլ բան չի նախատեսված արժեթղթերի թողարկման որոշմամբ: