Հոդված 16. Պարտատոմսեր
Հոդված 16. Պարտատոմսեր
Պարտատոմսը արժեթուղթ է, որը վավերացնում է ներդրողի կողմից կատարված դրամական միջոցների ներդրումը և պարտատոմս թողարկողի պարտավորությունները` կապված պարտատոմսի սեփականատիրոջը սահմանված ժամկետներում գումարների կամ տոկոսադրույքների վճարման և ներդրված գումարի վերադարձման հետ, ինչպես նաև պարտատոմսի թողարկման որոշմամբ նախատեսված այլ պայմաններ:
Պարտատոմսեր թողարկողը դրանք հետգնելու իրավունք ունի: Պարտատոմսերի հետգնումն իրականացվում է դրանց անվանական արժեքով` մարման օրվա դրությամբ նախատեսված և չվճարված գումարները ներառյալ:
Պարտատոմսը կարող է լինել նպատակային: Այդ դեպքում դրա սեփականատիրոջը թողարկման որոշմամբ տրվում է որոշակի ապրանքներ ձեռք բերելու կամ որոշակի ծառայություններից օգտվելու իրավունք:
Պարտատոմսը կարող է թողարկվել այն թողարկողի գույքի կամ արժեթղթերի գրավադրմամբ:
Պարտատոմսը կարող է լինել` կուտակման, փոխարկելի, վերադարձնելի և փոփոխական կուրսով:
Կուտակման պարտատոմսը` ենթադրում է վճարների կուտակում թողարկման որոշմամբ նշված ժամկետի ընթացքում:
Փոխարկելի պարտատոմսը` ենթակա է փոխանակման այլ արժեթղթերի հետ` փոխարկելի պարտատոմսի թողարկման որոշմամբ սահմանված կարգով:
Վերադարձնելի պարտատոմսով դրա սեփականատերն իրավունք ունի այն մարման ներկայացնել թողարկման որոշմամբ սահմանված գներով և ժամկետներում:
Փոփոխական կուրսով պարտատոմսի տոկոսադրույքի փոփոխությունը սահմանվում է պարտատոմսի թողարկման որոշմամբ ընտրված ֆինանսական որևէ ցուցանիշի մեծության փոփոխման հիման վրա:
Պարտատոմս թողարկողի կանոնադրական ֆոնդի ձևավորման կամ լրացման նպատակով պարտատոմս թողարկելն արգելվում է:
Պարտատոմսերի ձեռքբերումը կարող է կատարվել միանվագ կամ տարաժամկետ վճարմամբ:
Եթե պարտատոմսը ձեռք է բերվում տարաժամկետ վճարմամբ, ապա պարտատոմսի գնորդին տրվում է ժամանակավոր վկայական, որը փոխարինվում է պարտատոմսով ամբողջ գումարը մուծելուց հետո:
Գնորդը պարտատոմսի թողարկմամբ պայմանավորված իրավունքներ ձեռք է բերում միայն նախատեսված ամբողջ գումարը մուծելուց հետո, եթե այլ բան չի նախատեսված պարտատոմսի թողարկման որոշմամբ:
Պետական պարտատոմսը արժեթուղթ է, որը վավերացնում է դրա սեփականատիրոջ կողմից պետական բյուջե կատարած դրամական միջոցների ներդրումը և հաստատագրված եկամուտներ ստանալու իրավունքը:
Հայաստանի Հանրապետությունում պետական պարտատոմսեր կարող են թողարկել միայն Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները:
Պետական պարտատոմսերը թողարկվում են միայն որպես ըստ ներկայացնողի` մինչև 25 տարի ժամկետով: