Հոդված 15. Բաժնետոմսեր
Հոդված 15. Բաժնետոմսեր
Բաժնետոմսը բաժնետիրական ընկերության կողմից թողարկվող արժեթուղթ է, որը վկայում է ներդրողի կողմից այդ ընկերության սեփականության որևէ մասի սեփականատերը լինելու և, որպես կանոն, եկամտի որոշակի մասնաբաժին ստանալու իրավունքի մասին, որը նախատեսվում է արժեթղթեր թողարկողի ազդագրում:
Բաժնետոմսերը կարող են լինել հասարակ կամ արտոնյալ (այսուհետև` արտբաժնետոմս):
Հասարակ բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն մասնակցել դրանք թողարկող բաժնետիրական ընկերության կառավարմանը:
Բաժնետոմսերի թողարկման որոշմամբ արտբաժնետոմսերի սեփականատերերին կարող են տրվել դրանք թողարկող բաժնետիրական ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունք:
Բաժնետոմսերը կարող են լինել վերադարձվող և անժամկետ:
Վերադարձվող բաժնետոմսեր թողարկողը դրանք հետգնելու իրավունք ունի: Այդպիսի բաժնետոմսերի հետգնումը կատարվում է դրանց անվանական արժեքով` մարման օրվա դրությամբ նախատեսված և չվճարված շահաբաժինները ներառյալ:
Անժամկետ բաժնետոմսերն ենթակա չեն մարման, քանի դեռ բաժնետոմսեր թողարկող սուբյեկտը չի վերակազմավորվել կամ չի լուծարվել:
Արտբաժնետոմսերը կարող են լինել` հաստատագրված շահաբաժնով, փոփոխական կուրսով, կուտակման և փոխարկելի:
Հաստատագրված շահաբաժնով արտբաժնետոմսի սեփականատերն իրավունք ունի արտբաժնետոմսի անվանական արժեքի նկատմամբ ստանալ հաստատագրված շահաբաժին` արտահայտված դրամով կամ տոկոսադրույքով:
Փոփոխական կուրսով արտբաժնետոմսի շահաբաժնի կամ տոկոսադրույքի փոփոխությունը սահմանվում է դրա թողարկման որոշմամբ` ֆինանսական որևէ ցուցանիշի մեծության փոփոխման հիման վրա:
Կուտակման արտբաժնետոմսը նախատեսում է չվճարված շահաբաժինների կուտակում դրա թողարկման որոշման մեջ նշված ժամկետում, որի լրանալուց հետո կուտակված գումարը ենթակա է վճարման մյուս բոլոր տեսակի բաժնետոմսերի նկատմամբ առաջնահերթության կարգով:
Փոխարկելի արտբաժնետոմսերն այլ արժեթղթերի հետ ենթակա են փոխանակման դրանց թողարկման որոշմամբ սահմանված կարգով:
Բաժնետոմսերում ներդրումները կարող են իրականացվել դրամական ձևով, իսկ դրանց տեղաբաշխման ժամանակ` դրամով գնահատված գույքի կամ գույքային իրավունքի միջոցով:
Բաժնետոմսերի ձեռքբերումը կարող է իրականացվել միանվագ կամ տարաժամկետ վճարմամբ:
Եթե բաժնետոմսը ձեռք է բերվում տարաժամկետ վճարմամբ, ապա բաժնետոմսի գնորդին տրվում է ժամանակավոր վկայական, որը փոխարինվում է բաժնետոմսով ամբողջ գումարը մուծելուց հետո:
Բաժնետոմսի գնորդը դրա թողարկումով պայմանավորված իրավունքները ձեռք է բերում միայն նախատեսված ամբողջ գումարը մուծելուց հետո, եթե այլ բան չի նախատեսված բաժնետոմսերի թողարկման որոշմամբ:
Շահաբաժինների վճարումը կատարվում է շահույթից` օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր մյուս վճարները մուծելուց հետո, բաժնետոմսեր թողարկողի կողմից որոշված ժամկետներում, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: