Հոդված 6. Արժեթղթերի թողարկման ընդհանուր պայմանները
Հոդված 6. Արժեթղթերի թողարկման ընդհանուր պայմանները
Արժեթղթերը (սերտիֆիկատները) կարող են թողարկվել մեկ կամ մի քանի լեզուներով, ազատ կամ սահմանափակ շրջանառության իրավունքով:
Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերը կարող են թողարկվել Հայաստանի Հանրապետության արժույթով կամ արտարժույթով:
Հայաստանի Հանրապետությունում թողարկվող արժեթղթերը կամ դրանց սերտիֆիկատները պետք է ձևավորված և պատրաստված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված միասնական ստանդարտներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետությունում թողարկվող այն արժեթղթերը կամ դրանց սերտիֆիկատները, որոնք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված միասնական ստանդարտներին, համարվում են անվավեր:
Արժեթղթերը թողարկվում են ինչպես անվանական, այնպես էլ` ըստ ներկայացնողի:
Անվանական արժեթղթերի վաճառքը կամ այլ եղանակով օտարումն ենթակա է պարտադիր գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև թողարկողի կողմից սահմանված կարգով:
Ըստ ներկայացնողի արժեթղթերը թողարկվում են միայն ազատ շրջանառության իրավունքով:
Սույն օրենքի 2 հոդվածում նշված արժեթղթեր (բացառությամբ մուրհակների և այլ արժեթղթերի) թողարկողը արժեթղթերի թողարկման իրավունք է ձեռք բերում իր կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ:
Պետական ձեռնարկությունները, կազմակերպությունները կարող են թողարկել պարտատոմսեր, մուրհակներ, առևտրային և այլ արժեթղթեր, ընդ որում, պարտատոմսերի և առևտրային արժեթղթերի թողարկման համար նրանց անհրաժեշտ է ստանալ կառավարման վերադաս մարմնի համաձայնությունը: