Հոդված 23. Պատասխանատվությունը արժեթղթերի շրջանառության մասին օրենսդրության խախտման համար
Հոդված 23. Պատասխանատվությունը արժեթղթերի շրջանառության մասին օրենսդրության խախտման համար
Արժեթղթեր թողարկողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում `
արժեթղթերի թողարկման ազդագրում եղած միտումնավոր ապատեղեկատվության համար.
պետական մարմնի կողմից չգրանցված իր արժեթղթերի ազատ շրջանառության կամ բաց տեղաբաշխման համար.
Հայաստանի Հանրապետության մամուլում արժեթղթերի թողարկման ծրագրի հրապարակումից մեկ շաբաթից շուտ դրանք ազատ շրջանառության մեջ դնելու դեպքում.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվետվության ներկայացման կարգի խախտման համար.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և արժեթղթերի թողարկման ազդագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու դեպքերում:
Պետական լիազորված մարմինն իրավասու է միջնորդ հանդիսացող սուբյեկտներին տրված լիցենզիան չեղյալ համարել` պետական լիազորված մարմնի կողմից չգրանցված ազդագրերի հիման վրա արժեթղթերով գործարքներ կատարելու, ինչպես նաև արժեթղթերի շուկային վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերի խախտման դեպքերում:
Արժեթղթերի շուկայի մասնակցին բնորոշ գործունեություն իրականացնող, սակայն համապատասխան լիցենզիա չունեցող սուբյեկտը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերով միջնորդական գործունեություն իրականացնող, սակայն համապատասխան լիցենզիա չունեցող ֆիզիկական անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
8 սեպտեմբերի 1993 թ.
ՀՕ-82