Հոդված 8. Արժեթղթերի թողարկման ազդագրի պետական գրանցումը
Հոդված 8. Արժեթղթերի թողարկման ազդագրի պետական գրանցումը
Սույն օրենքի 7 հոդվածի 1-ին մասում նշված ազատ շրջանառության բոլոր արժեթղթերի թողարկման ազդագրերը պետք է գրանցված լինեն պետական լիազորված մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մուրհակները և այլ արժեթղթերը թողարկվում են առանց ազդագրի:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված ազդագրերի հիման վրա թողարկված արժեթղթերի ազատ շրջանառությունն արգելվում է:
Ազատ շրջանառության իրավունքով արժեթղթերի թողարկման ազդագրի պետական գրանցման համար թողարկողը կամ նրա կողմից լիազորված անձը պարտավոր է պետական լիազորված մարմնին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
արժեթղթեր թողարկողի կամ նրա կողմից լիազորված անձի դիմումը,
արժեթղթեր թողարկողի կառավարման իրավասու մարմնի որոշումը արժեթղթի թողարկման մասին,
արժեթղթի թողարկման ազդագիրը:
Եթե արժեթղթեր թողարկողը պետական հիմնարկ, ձեռնարկություն կամ կազմակերպություն է, ապա վերոհիշյալ փաստաթղթերից բացի պարտավոր է ներկայացնել արժեթղթի թողարկման վերաբերյալ իր վերադաս կառավարման մարմնի համաձայնությունը:
Պետական լիազորված մարմինը կատարում է արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցում, որի դիմաց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարվում է տուրք:
Պետական լիազորված մարմինը պարտավոր է գրանցել արժեթղթերի թողարկման ազդագիրը վերոհիշյալ փաստաթղթերի ստացման օրվանից սկսած 30 օրվա ընթացքում, եթե թողարկողը կամ վերջինիս կողմից լիազորված անձը կատարել է թողարկման ազդագրի կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները:
Արժեթղթերի թողարկման ազդագրի գրանցումը պետական լիազորված մարմնի կողմից կարող է մերժվել, եթե արժեթղթեր թողարկողը կամ վերջինիս կողմից լիազորված անձը խախտել է սույն օրենքի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերի պահանջները:
Պետական գրանցման մերժումն այլ պատճառներով, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ, չի թույլատրվում:
Եթե արժեթղթեր թողարկողը կամ վերջինիս կողմից լիազորված անձը բոլոր փաստաթղթեր ներկայացնելու օրվանից սկսած 45 օրվա ընթացքում գրավոր պաշտոնական մերժում չի ստանում, ապա արժեթղթերի թողարկման ազդագիրը համարվում է գրանցված:
Գրանցված արժեթղթերի թողարկման ազդագիրը թողարկողի կողմից ենթակա է հրապարակման երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության 1000 օրվանից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլում:
Արժեթղթերի ազատ շրջանառությունը կարող է իրականացվել դրանց թողարկման ազդագրի հրապարակման օրվանից սկսած 10 օրից ոչ շուտ: