Հոդված 4. Ֆիրմային անվանման գրանցումը
Հոդված 4. Ֆիրմային անվանման գրանցումը
Մինչև Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում (այսուհետ` պետական ռեգիստր) իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության պետական գրանցումը, նրա ֆիրմային անվանումը պետք է գրանցվի արդյունաբերական սեփականության հարցերով պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` պետական լիազորված մարմին) կողմից` իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության հիմնադրի (հիմնադիրների) (այսուհետ` հայտատու) ներկայացրած հայտի հիման վրա:
Հայտը կարող է ներկայացվել նաև հայտատուի կողմից լիազորված անձի միջոցով:
Հայտը պետք է պարունակի`
ա) դիմում ֆիրմային անվանման գրանցման մասին, որի մեջ նշվում են գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը, դրա հապավումը կամ կրճատ ձևը, եթե այդպիսիք կան, իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող հայտատուի հասցեն, գործունեության նպատակը և բնագավառը.
բ) գրանցման ներկայացված ֆիրմային անվանման մեկնաբանությունը (բացատրությունը), եթե այն հայերեն հասկանալի չէ:
Հայտին կցվում են`
ա) համաձայնությունը (թույլտվությունը)` սույն օրենքի 3 հոդվածով նախատեսված դեպքերում.
բ) լիազորագիրը, եթե հայտը ներկայացվում է հայտատուի կողմից լիազորված անձի միջոցով.
գ) սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը:
Հայտը ներկայացվում է հայերեն:
Դիմումի ձևը և լրացման կարգը սահմանում է պետական լիազորված մարմինը: