Հոդված 12. Ամորտիզացիոն մասհանումները
Հոդված 12. Ամորտիզացիոն մասհանումները
1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գործունեության մեջ օգտագործվող և մաշվածքի ենթակա հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարի չափով` սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված ժամկետներում:
2. Ամորտիզացիոն մասհանումների գումարը սույն հոդվածում սահմանված կարգով հաշվարկվում է` ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից`
ա) շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների համար` 20 տարի
բ) հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների շենքերի և շինությունների համար` 10 տարի
գ) հաշվողական և համակարգչային տեխնիկայի, հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար` 3 տարի
դ) այլ հիմնական միջոցների, այդ թվում` բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար` 5 տարի
3. Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետը որոշում է հարկատուն` ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Վերջիններիս որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է տասը տարի, սակայն ոչ ավելի հարկատուի գործունեության ժամկետից:
4. Հարկվող շահույթը որոշելու նպատակով հարկատուն իր հայեցողությամբ կարող է ընտրել հիմնական միջոցների ամորթիզացիոն այլ ժամկետ, սակայն տվյալ խմբի համար վերոհիշյալ ժամկետներից ոչ պակաս:
5. Ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես հիմնական միջոցի սկզբնական արժեքի և սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերում հիմնական միջոցի տվյալ խմբի կամ ոչ նյութական ակտիվի համար սահմանված ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն: