Հոդված 47. Ռեզիդենտների շահութահարկի կանխավճարները
Հոդված 47. Ռեզիդենտների շահութահարկի կանխավճարները
1. Տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներն` սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի մեկ տասնվեցերորդի չափով` տվյալ ամսվա քսանհինգից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:
Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու դեպքում հարկային տեսչության մարմիններն այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Նոր հիմնադրված հարկատուն կարող է շահութահարկի կանխավճարներ չկատարել մինչև հաջորդ տարվա ապրիլի 25-ը` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային տեսչության մարմնին:
4. Այն հարկատուն, որը նախորդ տարում հարկվող շահույթ չի ունեցել, կամ որի նախորդ տարվա շահութահարկի գումարը չի գերազանցել 500 հազար դրամը, կարող է շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո շահութահարկի կանխավճարներ չկատարել:
5. Մինչև նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը, հարկատուն շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով:
6. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն ամսական կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն: Կանխավճարի տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի մեկ տասնվեցերորդի և տվյալ ամսվա փաստացի կատարված կանխավճարի տարբերության չափով` կանխավճարի վճարման օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:
7. Հաշվետու տարվա ավարտից հետո հարկատուն, ելնելով հաշվարկված հարկվող շահույթից, հաշվարկում է շահութահարկի գումարը` դրան հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար կատարված կանխավճարների գումարները:
8. Եթե հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն: Այս դեպքում կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը, բայց ապրիլի 25-ից ոչ ուշ: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:
9. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն շահութահարկի գծով, և հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: Այս դեպքում կանխավճարների գծով տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը: Շահութահարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է ապրիլի 25-ից` շահութահարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով: