Հոդված 16. Հարկման նպատակով համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը
Հոդված 16. Հարկման նպատակով համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը
1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում`
ա) վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող վճարները.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդի, կադրերի պատրաստման և վերապատրաստման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.
գ) հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին` օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.
դ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերի, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում` օրապահիկի ծախսերի համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական ծախսերը.
զ) առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը (այդ թվում` ամորտիզացիոն մասհանումները և նորոգման ծախսերը).
է) պետական կամ համայնքների բյուջեներ գանձվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները, բացի քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար գանձվողներից.
ը) անհատույց տրամադրած ակտիվները, ներած պարտավորությունները, բացառությամբ սույն օրենքի 23 հոդվածում նախատեսված դեպքի.
թ) միավորումներին և արտագերատեսչական կառավարման այլ կառույցներին տրամադրված հատկացումները.
ժ) սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերը (շինությունների անվճար տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ ծառայությունների արժեքի վճարում).
ժա) հարկատուի կողմից արտադրանքի արտադրության հետ չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը:
2. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«զ» ենթակետերով նախատեսված ծախսերի համար նվազեցման թույլատրելի չափը չի սահմանվում, ապա համախառն եկամուտը նվազեցվում է փաստացի կատարված ծախսերի ողջ գումարի չափով: