Հոդված 32. Համախառն եկամտից ծախսերի գծով նվազեցումների իրականացումը
Հոդված 32. Համախառն եկամտից ծախսերի գծով նվազեցումների իրականացումը
1. Արտադրանքի արտադրության և ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերի (նյութական, աշխատանքի վարձատրության, սոցիալական ապահովագրության և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են տվյալ արտադրանքի և ծառայությունների իրացման համապատասխան:
2. Առևտրական գործունեություն իրականացնող հարկատուների մոտ ապրանքների ձեռքբերման արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այդ ապրանքների իրացման համապատասխան:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով չնախատեսված ակտիվների (հիմնական միջոցների և այլ ակտիվների) մնացորդային (հաշվեկշռային) արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են դրանց իրացման համապատասխան:
4. Հարկատուի գործունեության հետ կապված վարչական ծախսերի (կառավարման ապարատի աշխատավարձ, սոցիալական ապահովագրություն, գործուղումների նյութական և տրանսպորտային սպասարկում, կառավարման տեխնիկական միջոցների և վարչական նշանակության հիմնական միջոցների պահպանում և շահագործում, ներկայացուցչական, դատական, աուդիտորական, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, կադրերի պատրաստում և վերապատրաստում և այլն), արտադրանքի և ծառայությունների իրացման հետ կապված ծախսերի (փաթեթավորում, պահպանում, բեռնում, տեղափոխում, ուղեկցում, գովազդ, մարքեթինգ և այլն) և ոչ արտադրական այլ ծախսերի (գյուտարարական և ռացիոնալիզատորական, գիտահետազոտական, նախագծային և փորձակոնստրուկտորական աշխատանքներ և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են:
5. Հարկատուի ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերի (վարկերի և այլ փոխառությունների տոկոսներ, արտարժույթով արտահայտված ակտիվների և պարտավորությունների վերագնահատումից առաջացող ծախսեր, գույքի երկարատև վարձակալության դիմաց տոկոսներ և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են:
6. Նախորդ տարիներում ավել ցույց տրված եկամտի (պակաս ցույց տրված նվազեցումների) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են հայտնաբերված տարվա ընթացքում: