Հոդված 1. Հիմնական հասկացությունները
Հոդված 1. Հիմնական հասկացությունները
Սույն Համաձայնագրում ստորև բերված հասկացությունները օգտագործվում են հետևյալ նշանակությամբ.
լիզինգ - լիզինգի պայմանագրի իրագործման, այդ թվում` լիզինգի առարկայի ձեռքբերման կապակցությամբ առաջացող տնտեսական և իրավական հարաբերությունների ամբողջություն.
լիզինգի պայմանագիր - պայմանագիր, որի համաձայն լիզինգատուն պարտավորվում է վարձավճարի դիմաց լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել գույք, որն ինքը ձեռք է բերել ի սեփականություն առքուվաճառքի պայմանագրով վաճառողից (մատակարարից)` լիզինգառուի ընտրությամբ` շահույթ, եկամուտ կամ այլ օգտակար արդյունք ստանալու նպատակով: Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ վաճառողի (մատակարարի) և ձեռք բերվող գույքի ընտրությունը իրականացվում է լիզինգատուի կողմից.
լիզինգի առարկան (օբյեկտը) - ցանկացած շարժական և անշարժ գույք, որը, ըստ սահմանված դասակարգման, վերաբերում է հիմնական միջոցներին (ֆոնդերին), բացի շուկաներում շրջանառության համար ազգային օրենսդրությամբ արգելվածներից, կամ նրանց, որոնց համար սահմանված է շրջանառության հատուկ կարգ (բացառելով անձնական, ընտանեկան և կենցաղային կարիքների համար օգտագործվող գույքը), կամ` ոչ նյութական ակտիվների առանձին խմբերին` Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան.
լիզինգային գործունեություն - ձեռնարկատիրական գործունեության տեսակ` կապված սեփական միջոցների և/կամ լիզինգատուի ներգրաված միջոցների (ներդրումների) ներդրման հետ` գույքի ձեռքբերման և այն լիզինգով տրամադրման համար.
լիզինգատու - ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը լիզինգային գործունեության իրականացման ընթացքում որպես սեփականություն ձեռք է բերում գույք և, որպես լիզինգի առարկա, այն ժամանակավոր տիրապետման և օգտագործման է տրամադրում լիզինգառուին որոշակի վարձավճարով, որոշակի ժամկետով և լիզինգի պայմանագրով որոշված պայմաններով` լիզինգի պայմանագրի ավարտից հետո լիզինգի առարկայի նկատմամբ լիզինգառուին սեփականության իրավունքի փոխանցմամբ կամ առանց փոխանցման.
լիզինգառու - ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը պարտավոր է ժամանակավոր տիրապետման և օգտագործման ընդունել լիզինգի առարկան որոշակի վարձավճարով, որոշակի ժամկետով և լիզինգի պայմանագրով որոշված պայմաններով` ձեռնարկատիրական նպատակներով կամ այլ օգտակար արդյունքի ստացման համար.
վաճառող (մատակարար) - ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը, լիզինգատուի հետ առուվաճառքի պայմանագրի պայմաններին համապատասխան, լիզինգատուին պայմանավորված ժամկետում վաճառում է լիզինգի առարկա հանդիսացող գույքը: Վաճառողը պարտավոր է լիզինգի առարկան լիզինգատուին կամ լիզինգառուին փոխանցել առուվաճառքի պայմանագրի պայմաններին համապատասխան: Վաճառողը կարող է միաժամանակ հանդես գալ որպես լիզինգառու մեկ լիզինգային իրավահարաբերության շրջանակներում.
միջազգային լիզինգ - լիզինգի տեսակ, որը կապված է լիզինգի պայմանագրի կատարման հետ, որում լիզինգատուն և լիզինգառուն հանդիսանում են տարբեր պետությունների տնտեսվարման գործունեության սուբյեկտներ.
միջպետական լիզինգ - միջազգային լիզինգի տարատեսակ, որում լիզինգատուն և լիզինգառուն հանդիսանում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսվարման գործունեության սուբյեկտներ.
ֆինանսական լիզինգ - լիզինգի տեսակ, որը կապված է մեկ տարուց ոչ պակաս ժամկետով լիզինգի պայմանագրի կատարման հետ, որում լիզինգային վճարների կազմում ամորտիզացիոն վճարումների (պայմանագրում սահմանված երկրի կանոններով) միջոցով լիզինգառուին փոխհատուցվում է լիզինգի առարկայի արժեքը դրա սկզբնական (վերականգնողական) արժեքի ոչ պակաս 75%-ի չափով` անկախ այն բանից` գործարքը կավարտվի լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի գնումով, թե լիզինգատուին դրա վերադարձմամբ.
գործառնական (օպերատիվ) լիզինգ.1 - լիզինգի տեսակ, որը կապված է լիզինգի պայմանագրի կատարման հետ, որի դեպքում լիզինգի պայմանագրի ընթացքում լիզինգային վճարները լիզինգատուին լիզինգի առարկայի արժեքի ամորտիզացիոն վճարումների միջոցով ապահովում են փոխհատուցում սկզբնական (վերականգնողական) արժեքի ոչ պակաս 40%-ի չափով: Լիզինգի պայմանագրի ավարտից հետո լիզինգառուն լիզինգատուին է վերադարձնում լիզինգի առարկան, որի արդյունքում այն կարող է լիզինգով տրամադրվել բազմակի անգամ: Օպերատիվ լիզինգի պայմանագրի ժամկետի ավարտից հետո այն կարող է շարունակվել, կամ լիզինգի առարկան ենթակա է վերադարձման լիզինգատուին և լիզինգի պայմանագրով կարող է լիզինգատուի կողմից կրկին տրամադրվել օգտագործման այլ լիզինգառուի.
ենթալիզինգ - լիզինգի պայմանագրի տեսակ, որի ժամանակ լիզինգառուն, ենթալիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան, վարձավճարով և ժամկետով երրորդ անձի (ըստ ենթալիզինգի պայմանագրի` ենթալիզինգառուի) տիրապետմանը և օգտագործմանն է փոխանցում գույքը, որը նախկինում ստացել է լիզինգատուից, ըստ լիզինգի պայմանագրի, և հանդիսանում է լիզինգի առարկա: Գույքը ենթալիզինգի հանձնելու դեպքում վաճառողին պահանջի ներկայացման իրավունքը, ըստ ենթալիզինգի պայմանագրի, անցնում է ենթալիզինգառուին: Լիզինգի առարկան ենթալիզինգի փոխանցելու դեպքում պարտադիր է հանդիսանում լիզինգատուի գրավոր համաձայնությունը.
վերադարձելի լիզինգ - լիզինգի տեսակ, որի դեպքում լիզինգի առարկայի վաճառողը (մատակարարը) միաժամանակ հանդես է գալիս որպես լիզինգառու լիզինգային մեկ իրավահարաբերության շրջանակներում:
Ազգային օրենսդրությանը համապատասխան` կարող են կիրառվել վերոնշյալներից որոշները և/կամ սույն Համաձայնագրով չնախատեսված լիզինգի այլ տարատեսակներ:
_______________
.1 Օգտագործվում է ԱՊՀ այն մասնակից պետություններում, որտեղ օրենսդրությամբ նախատեսած է լիզինգի այդ տեսակը: