Հոդված 12
Հոդված 12
Գնագոյացում
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է թույլատրի, որպեսզի օդային փոխադրումների գները սահմանվեն յուրաքանչյուր նշանակված ավիաընկերության կողմից՝ ելնելով շուկայի տնտեսական կառուցվածքից: Կողմերի միջամտությունը պետք է սահմանափակվի հետևյալով.
ա) չհիմնավորված խտրական գների կամ գործելակերպի կանխարգելմամբ.
բ) սպառողների պաշտպանությամբ չհիմնավորված բարձր գների կամ սահմանափակ մատչելի գների՝ ազգային դիրքի գերակայության պատճառով.
գ) կառավարության ուղղակի կամ անուղղակի փոխառությունների կամ աջակցության հաշվին արհեստականորեն իջեցված գներից ավիաընկերությունների պաշտպանությամբ:
2. Կողմերի տարածքների միջև միջազգային օդային փոխադրումների գները չպետք է պահանջվեն գրանցման համար: Չնայած նշվածին, Կողմերի նշանակված ավիաընկերությունները պետք է շարունակեն, ըստ պահանջի, ապահովել նախկին, գործող և առաջարկվող գների վերաբերյալ ուղղակի տեղեկատվության հասանելիությունը Կողմերի ավիացիոն իշխանությունների համար՝ վերջիններիս համար ընդունելի ձևով և ձևաչափով:
3. Կողմերից և ոչ մեկը չպետք է ձեռնարկի Կողմերից որևէ մեկի ավիաընկերության կողմից առաջարկված կամ գանձվող գնի կիրառումը կանխարգելող միակողմանի գործողություն. (i) Կողմերից որևէ մեկի ավիաընկերության կողմից Կողմերի տարածքների միջև օդային փոխադրումների իրականացման համար. կամ (ii) Կողմերից մեկի ավիաընկերության կողմից մյուս Կողմի և ցանկացած այլ երկրի տարածքների միջև փոխադրումների համար՝ ներառյալ փոխադրումների երկու ձևերը՝ ինտերլայն կամ ինտրալայն փոխադրումները: Եթե Կողմերից մեկը հիմքեր ունի ենթադրելու, որ նման գինը անհամատեղելի է սույն Հոդվածի 1-ին կետում նշված դրույթների հետ, ապա այն կարող է խորհրդակցությունների անցկացում պահանջել և հնարավորինս արագ տեղեկացնել մյուս Կողմին նման խորհրդակցության պատճառների մասին: Նման խորհրդակցությունները պետք է անցկացվեն ոչ ուշ, քան պահանջի ստացման օրվանից 30 օրը լրանալը, և Կողմերը պետք է համագործակցեն հարցի հիմնավորված լուծման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցում: Եթե Կողմերը համաձայնության են գալիս ծանուցման առարկա դարձած գնի շուրջ, ապա յուրաքանչյուր Կողմ պետք է գործադրի իր բոլոր ջանքերը այդ համաձայնությունը ուժի մեջ դնելու համար: Առանց այդպիսի փոխադարձ համաձայնության գինը ուժի մեջ է մտնելու կամ կշարունակի ուժի մեջ մնալ: