Հոդված 7
Հոդված 7
Ավիացիոն անվտանգություն
1. Միջազգային իրավունքով սահմանված իրենց իրավունքներին և պարտավորություններին համապատասխան՝ Կողմերը վերահաստատում են, որ քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը ապօրինի միջամտման գործողություններից պաշտպանելու միմյանց առջև իրենց պարտավորությունը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը: Առանց սահմանափակելու միջազգային իրավունքով սահմանված իրենց իրավունքների և պարտավորությունների համընդհանուր բնույթը Կողմերը պետք է մասնավորապես գործեն 1963 թ. սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված` «Օդանավերում կատարվող հանցագործությունների և մի շարք այլ գործողությունների մասին» կոնվենցիայի, 1970 թ. դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված` «Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին» կոնվենցիայի, 1971 թ. սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված` «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» կոնվենցիայի, «Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական գործողությունների դեմ պայքարելու մասին» 1988 թ. փետրվարի 24-ին Մոնրեալում կատարված արձանագրության դրույթների համաձայն:
2. Կողմերը, ըստ պահանջի, պետք է միմյանց տրամադրեն անհրաժեշտ ամբողջ աջակցությունը կանխարգելելու քաղաքացիական օդանավի անօրինական բռնագրավման գործողությունները և այդ օդանավի թռիչքային անվտանգության դեմ ուղղված ապօրինի այլ գործողությունները, որ վտանգում են իրենց ուղևորներին և թռիչքային անձնակազմին, օդանավերը և աերոնավիգացիայի միջոցները, և կանխելու քաղաքացիական աերոնավիգացիայի անվտանգությանը սպառնացող ցանկացած այլ վտանգ:
3. Կողմերն իրենց փոխհարաբերություններում պետք է գործեն ավիացիոն անվտանգության չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության գործելակերպերին և իբրև Կոնվենցիայի Հավելվածներ նշանակված առաջարկություններին համապատասխան. իրենք պետք է պահանջեն, որպեսզի իրենց կողմից գրանցված օդանավի շահագործողները, շահագործողները, ովքեր իրենց հիմնական գործունեության վայրը կամ մշտական բնակությունը հաստատել են իրենց տարածքում, իրենց տարածքի օդանավակայանների շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության այդպիսի պայմաններին համապատասխան:
4. Յուրաքանչյուր Կողմ համաձայն է պահպանել անվտանգության պայմանները, որոնք պահանջվում են մյուս Կողմի կողմից այդ Կողմի տարածք մուտքի, ելքի և այդ Կողմի տարածքում գտնվելու ընթացքում` համապատասխան միջոցառումներ ձեռնարկել օդանավի պաշտպանության և ուղևորների, անձնակազմի և նրանց ուղեբեռի ու ձեռքի իրերի ստուգման, ինչպես նաև բեռի ու օդանավի պաշարների տեսչության համար` նախքան նստեցումն ու բեռնումը, կամ դրանց ընթացքում: Յուրաքանչյուր Կողմ նաև պետք է դրականորեն դիտարկի մյուս Կողմի կողմից հատուկ անվտանգության միջոցառումների ցանկացած պահանջ՝ ի պատասխան որոշակի սպառնալիքի:
5. Երբ առկա է միջադեպ կամ օդանավի ապօրինի զավթման միջադեպի վտանգ կամ ուղևորների, անձնակազմի, օդանավի, օդանավակայանների կամ աերոնավիգացիոն սարքերի դեմ ուղղված ապօրինի այլ գործողություններ, Կողմերը պետք է աջակցեն միմյանց՝ հեշտացնելով հաղորդակցմանը և այլ համապատասխան միջոցառումները՝ ուղղված այդպիսի միջադեպի կամ դրա վտանգի` արագորեն և անվտանգ կերպով դադարեցմանը:
6. Երբ Կողմն ունի պատճառաբանված հիմքեր հավատալու, որ մյուս Կողմը չի կատարել/ոտնահարել է սույն Հոդվածի ավիացիոն անվտանգության պայմանները, այդ Կողմի ավիացիոն իշխանությունները կարող են անմիջապես պահանջել խորհրդատվություն մյուս Կողմի ավիացիոն իշխանությունների հետ: Այդպիսի պահանջ ներկայացնելու օրվանից 15 օրվա ընթացքում բավարար համաձայնություն չստանալու փաստը պետք է հիմքեր ստեղծի մերժելու, զրկելու, սահմանափակելու կամ պայմաններ կիրառելու այդ Կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների օդանավի շահագործման իրավունքների և տեխնիկական թույլտվությունների նկատմամբ: Ճգնաժամային իրավիճակի առաջացման դեպքում համապատասխան
Կողմը կարող է ժամանակավոր գործողություն ձեռնարկել մինչև 15 օրվա լրանալը: