Հոդված 5. ԳՅՈՒՏԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 5. ԳՅՈՒՏԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Գյուտը պահպանվում է օրենքով սահմանված կարգով, եթե դա նոր է, ունի գյուտարարական մակարդակ և արդյունաբերորեն կիրառելի է (գյուտի արտոնագրաունակության պայմաններ):
2. Գյուտը նոր է, եթե դա տեխնիկայի մակարդակի առանձին մաս չէ:
3. Գյուտն ունի գյուտարարական մակարդակ, եթե մասնագետի համար դա ակնհայտորեն չի բխում տեխնիկայի մակարդակից:
4. Տեխնիկայի մակարդակը ներառում է մինչև տվյալ գյուտի առաջնության տարին, ամիս-ամսաթիվը (այսուհետ` թվական) աշխարհում հանրամատչելի դարձած տեխնիկայի բնագավառի լուծումների (առանձին մասերի) վերաբերյալ ցանկացած տեղեկություն: Տեխնիկայի մակարդակը ներառում է նաև գերատեսչություն ներկայացված հայտերով բացահայտված ավելի վաղ առաջնությամբ գյուտերի և օգտակար մոդելների էությունը, պայմանով, որ տվյալ հայտերը կամ դրանց հիման վրա տրված արտոնագրերը գերատեսչությունը կհրապարակի հետագայում:
5. Արտոնագրմանը չի խոչընդոտում հեղինակի (հայտատուի) կամ նրանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղեկություն ստացած այլ անձի կողմից գյուտի էության հրապարակային բացահայտումը (այդ հանգամանքը պետք է ապացուցի հայտատուն), եթե դա կատարվել է գյուտի հայտը ներկայացնելուն նախորդող 12 ամսվա ընթացքում, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում` այդ առաջնության թվականին նախորդող 12 ամսվա ընթացքում:
6. Գյուտն արդյունաբերորեն կիրառելի է, եթե հնարավոր է դա պատրաստել կամ օգտագործել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում:
7. Գյուտի առարկա կարող են լինել սարքը, եղանակը, նյութը, մանրէի շտամը, բույսերի և կենդանիների բջիջների կուլտուրայի շտամը, ինչպես նաև հայտնի սարքի, եղանակի, նյութի, շտամի կիրառումը նոր նշանակությամբ:
8. Արտոնագրաունակ գյուտեր չեն`
1) գիտական տեսությունները և մաթեմատիկական մեթոդները.
2) տնտեսության կազմակերպման և ղեկավարման եղանակները.
3) պայմանական նշանները, կարգացուցակները և կանոնները.
4) մտավոր գործողությունների կատարման եղանակները և կանոնները.
5) հաշվիչ մեքենաների ալգորիթմները.
6) կառույցների, շենքերի ու տարածքների հատակագծերի սխեմաները և նախագծերը.
7) իրի արտաքին տեսքին վերաբերող այն առաջարկությունները, որոնք ունեն միայն գեղագիտական նշանակություն.
8) բույսերի տեսակները և կենդանիների ցեղատեսակները: