Հոդված 12. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 12. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
1. Արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործում է համարվում դա պարունակող արտադրանքի պատրաստումը, կիրառումը, վաճառքի առաջարկությունը, վաճառքը, պահեստավորումը, ներմուծումն ու տնտեսական շրջանառության մեջ մտցնելու մյուս գործողությունները, ինչպես նաև գյուտի արտոնագրով պահպանվող եղանակի կիրառումը:
2. Արտադրանքը (իրը) համարվում է արտոնագրված գյուտ, օգտակար մոդել պարունակող, եթե դա պարունակում է գյուտի, օգտակար մոդելի հավակնության սահմանման անկախ կետի յուրաքանչյուր հատկանիշը կամ վերջինիս համարժեքը:
3. Գյուտի արտոնագրով պահպանվող եղանակը համարվում է կիրառված, եթե կիրառված է գյուտի հավակնության սահմանման անկախ կետի յուրաքանչյուր հատկանիշը կամ վերջինիս համարժեքը:
4. Իրը համարվում է արտոնագրված արդյունաբերական նմուշ պարունակող, եթե դրա մեջ օգտագործված են արդյունաբերական նմուշի բոլոր էական հատկանիշները:
5. Արտադրանքի ստացման եղանակի արտոնագրի գործողությունը տարածվում է նաև անմիջականորեն այդ եղանակով ստացված արտադրանքի վրա: Ընդ որում, արտադրանքը համարվում է արտոնագրված եղանակով ստացված, եթե ապացուցված չէ, որ դա ստացվել է այլ եղանակով: Այդ դեպքում ապացուցման պարտավորությունը դրվում է պատասխանողի վրա, եթե արտոնագրված եղանակով ստացված արտադրանքը նոր է: