Հոդված 29. ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ՀԱՅՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 29. ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ՀԱՅՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Օգտակար մոդելի հայտի փորձաքննությունը գերատեսչությունն անցկացնում է դա ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում` սույն հոդվածի և իր սահմանած կարգի համաձայն:
2. Փորձաքննության ընթացքում ստուգվում է հայտի անհրաժեշտ և սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի առկայությունը, պարզվում է ներկայացված օգտակար մոդելի համապատասխանությունը սույն օրենքի 4 հոդվածի 6-րդ, 6 հոդվածի 6-րդ և 20 հոդվածի 1-ին կետերով սահմանված պահանջներին` առանց օգտակար մոդելի տնտեսական արդյունավետության գնահատման:
3. Եթե փորձաքննության արդյունքում գերատեսչությունը պարզի, որ հայտը համապատասխանում է սահմանված պահանջներին, ապա որոշում է կայացվում օգտակար մոդելի արտոնագիր տալու մասին:
4. Եթե պարզվի, որ հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա հայտատուին ուղարկվում է հարցում` ուղղված կամ պակաս փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:
5. Եթե հայտը ներկայացվել է միասնության պահանջի խախտմամբ, ապա հայտատուին առաջարկվում է երկամսյա ժամկետում հայտնել, թե օգտակար մոդելներից որը պետք է քննարկվի, և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում:
6. Միասնության պահանջի խախտման մասին ծանուցագիրը նշված ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնվելու դեպքում քննարկվում է այն օգտակար մոդելը, որը հավակնության սահմանման մեջ բերված է առաջինը:
7. Փորձաքննության ընթացքում հայտատուն իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա կարող է լրացուցիչ նյութեր ներկայացնելով ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում` չփոփոխելով ներկայացված օգտակար մոդելի էությունը, եթե հայտ ներկայացնելիս նա չի հրաժարվել այդ իրավունքից: Լրացուցիչ նյութերը համարվում են օգտակար մոդելի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ մտցվելու ենթակա հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում: Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխվում է ներկայացված օգտակար մոդելի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, և հայտատուն դա կարող է ձևակերպել որպես առանձին հայտ:
8. Փորձաքննության հարցմանը համապատասխան լրացուցիչ կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված:
9. Եթե փորձաքննության արդյունքում պարզվի, որ ներկայացված օգտակար մոդելը վերաբերում է սույն օրենքի 4 հոդվածի 6-րդ կամ 6 հոդվածի 6-րդ կետերին, ապա որոշում է կայացվում արտոնագիր չտալու մասին:
10. Փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության խնդրանքով դիմել գերատեսչություն: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
11. Կրկնական փորձաքննության արդյունքում գերատեսչությունը կայացնում է որոշում` օգտակար մոդելի արտոնագիր տալու կամ օգտակար մոդելի արտոնագիր տալը մերժելու մասին:
12. Արտոնագիրը տրվում է հայտատուի պատասխանատվությամբ` առանց դրա իսկության երաշխիքի:
13. Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:
14. Կրկնական փորձաքննության կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան: