Հոդված 7. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 7. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Որպես արդյունաբերական նմուշ` օրենքով սահմանված կարգով պահպանվում է իրի արտաքին տեսքը բնորոշող գեղարվեստակառուցվածքային այն լուծումը, որը նոր է, ինքնատիպ և արդյունաբերորեն կիրառելի (արդյունաբերական նմուշի արտոնագրաունակության պայմաններ):
2. Արդյունաբերական նմուշը նոր է, եթե իրի գեղագիտական և (կամ) էրգոնոմիկական առանձնահատկությունները պայմանավորող էական հատկանիշների ամբողջությունը մինչև արդյունաբերական նմուշի առաջնության թվականը հայտնի չէ աշխարհում` հանրամատչելի բոլոր տեսակի տեղեկություններից:
3. Արտոնագրմանը չի խոչընդոտում հեղինակի (հայտատուի) կամ նրանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղեկություն ստացած որևէ անձի կողմից արդյունաբերական նմուշի էության հրապարակային բացահայտումը (այդ հանգամանքը պետք է ապացուցի հայտատուն), եթե այն կատարվել է արդյունաբերական նմուշի հայտը ներկայացնելուն նախորդող 6 ամսվա ընթացքում, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում` այդ առաջնության թվականին նախորդող 6 ամսվա ընթացքում:
4. Արդյունաբերական նմուշը ճանաչվում է ինքնատիպ, եթե դրա էական հատկանիշները պայմանավորվում են իրի գեղագիտական առանձնահատկությունների ստեղծագործական բնույթը:
5. Արդյունաբերական նմուշն արդյունաբերորեն կիրառելի է, եթե դա կարող է բազմակի վերարտադրվել համապատասխան իրը պատրաստելու միջոցով:
6. Արտոնագրաունակ արդյունաբերական նմուշներ չեն`
1) այն լուծումները, որոնք բացառապես պայմանավորված են իրի տեխնիկական գործառույթներով.
2) ճարտարապետության օբյեկտների (բացառությամբ ճարտարապետական փոքր ձևերի), արդյունաբերական, հիդրոտեխնիկական և ստացիոնար այլ կառույցների լուծումները.
3) տպագրական արտադրանքի լուծումները որպես այդպիսին.
4) հեղուկ, գազանման, սորուն կամ համանման նյութերից պատրաստված, անկայուն ձև ունեցող առարկաների լուծումները: