Հոդված 1. Սահմանումներ
Հոդված 1. Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակների համար.
1. Ներդրումներ տերմինը նշանակում է` ակտիվների ցանկացած տեսակ, որոնք ձեռնարկատիրական նպատակներով ներդրված են մի Կողմի ներդրողի կողմից մյուս Կողմի տարածքում, վերջինիս պետության ազգային օրենսդրության համաձայն, ինչպես նաև դրանցից բխող իրավունքները, և, մասնավորապես, բայց ոչ բացառապես, կարող են ներառել.
ա) շարժական և անշարժ գույքը կամ ցանկացած գույքային իրավունքները, ինչպիսիք են վարձակալությունը, հիպոթեքը, գույքի նկատմամբ արգելանքի կիրառման իրավունքը և գրավը,
բ) բաժնեմասերը, բաժնետոմսերը, պարտքային պարտավորությունները և ընկերություններում մասնակցության ցանկացած այլ ձև,
գ) դրամական պահանջները կամ, պայմանագրի համաձայն, ցանկացած տնտեսական արժեք ունեցող պարտավորության կատարումը,
դ) մտավոր սեփականության իրավունքները, ներառյալ հեղինակային իրավունքները, ապրանքային նշանները, պատենտները, արդյունաբերական նմուշները և տեխնիկական գործընթացները, նոու-հաուն, առևտրային գաղտնիքները, առևտրային անունը և բարի համբավը,
ե) օրենքով կամ պայմանագրով տրամադրված կոնցեսիաները, ներառյալ բնական պաշարների հետախուզման, մշակման, արդյունահանման կամ շահագործման կոնցեսիաները:
Ներդրման ձևի որևէ փոփոխություն, որը իրականացվել է համաձայն այն Կողմի օրենսդրության, որն իր տարածքում ընդունել է ներդրումները, չի ազդի նրանց բնորոշման վրա`որպես ներդրումներ:
2. Ներդրող տերմինը նշանակում է` մի Կողմի պետության սուբյեկտ, որը ներդրումներ է կատարում մյուս Կողմի պետության տարածքում` վերջինիս ազգային օրենսդրությանը և սույն Համաձայնագրի դրույթներին համաձայն, և ներառում է.
ա) ցանկացած ֆիզիկական անձ, որը հանդիսանում է որևէ Կողմի պետության քաղաքացի և իրավասու է, իր ազգային օրենսդրության համաձայն, ներդրումներ կատարել,
բ) ցանկացած իրավաբանական անձ, որը ստեղծվել և գրանցվել է Կողմի պետության ազգային օրենսդրության համաձայն և իրավասու է ներդրումներ կատարել:
3. Եկամուտներ տերմինը նշանակում է` ներդրումների արդյունքում ստացված միջոցներ, ներառյալ շահույթը, տոկոսները, շահաբաժինները, ռոյալթիները, լիցենզավորման պարգևատրումները և այլ վճարումները:
4. Տարածք տերմինը նշանակում է` Կողմերից մեկի պետության տարածք հողային, ծովային և օդային սահմանների շրջանում, ներառյալ ցամաքը, ջուրը, ընդերքը և օդային տարածությունը, որոնց նկատմամբ համապատասխան Կողմի պետությունը իրականացնում է ինքնիշխանություն և, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, տարածում է իր իրավազորությունը:
5. Բարի համբավ տերմինը նշանակում է`
ա) ընկերության գործնական կապերի պայմանական արժեքը, կուտակված ոչ նյութական ակտիվների գինը, ոչ նյութական կապիտալի` ապրանքային նշանի հեղինակության, գործնական կապերի փորձի, կայուն հաճախորդների, ինչպես նաև կառավարման, կազմակերպման և տեխնիկական միջոցների, ֆինանսական աշխարհում համբավի, սպառողական գործունեության հսկողության մեխանիզմի դրամական գնահատականը,
բ) ոչ նյութական հիմնական կապիտալը, ակտիվները` որպես տարբերություն ընդհանուր առմամբ ձեռնարկության արժեքի և հիմնական կապիտալի իրական արժեքի միջև: Բացասական ոչ նյութական ակտիվն իրենից ներկայացնում է ձեռնարկության վաճառքի և հաշվեկշռային արժեքների միջև տարբերությունը: