Հոդված 53. Քվեարկության սկիզբը
Հոդված 53. Քվեարկության սկիզբը
1. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկներն ստորագրող հանձնաժողովի 3 անդամներին, որոնք պարտավոր են մինչև ժամը 24.00-ն ստորագրել բոլոր քվեաթերթիկները (ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների հակառակ կողմում) գործավարության մատյանում համապատասխան արձանագրություն կատարելով: Ստորագրված քվեաթերթիկները և կնիքի փաթեթը պահվում են հատուկ չհրկիզվող պահարանում: Քվեաթերթիկների պահպանման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Քվեարկության օրը՝ ժամը 7.00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը, տեղամասային կենտրոնում կայացած իր նիստում վիճակահանությամբ որոշում է ընտրողների գրանցումն իրականացնող անդամներին՝ յուրաքանչյուր 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամ, քվեաթերթիկներ հատկացնող, քվեաթերթիկների կնքման և քվեատուփի համար պատասխանատու մեկական անդամի: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանությանը չեն մասնակցում։ Նրանք փոխարինում են հանձնաժողովի մյուս անդամներին նրանց բացակայության ընթացքում: 3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների և քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է չհրկիզվող պահարանը, հանում է քվեաթերթիկները և փաթեթավորված կնիքը, բացում է փաթեթավորված կնիքը, գործավարության մատյանում կնիք դնելով՝ հայտարարում է կնիքի համարը: Ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում և կնքում է քվեատուփը, ընտրողների ցուցակները հանձնում է ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամներին, քվեաթերթիկները՝ հարյուրական փաթեթով` քվեաթերթիկներ հատկացնող անդամին, ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները և կնիքը՝ քվեաթերթիկները կնքող անդամին: Վերոհիշյալ բոլոր գործողությունների մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը համապատասխան գրառում է կատարում գործավարության մատյանում, որից հետո ընտրական տեղամասը հայտարարում է բացված:
(53-րդ հոդվածը խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ., լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն)