Հոդված 5
Հոդված 5
Հատուկ միության վեհաժողով
1) ա) Հատուկ միությունը պետք է ունենա Վեհաժողով, որը պետք է բաղկացած լինի Հատուկ միության երկրներից։
բ) Հատուկ միության յուրաքանչյուր երկրի կառավարություն պետք է ներկայացված լինի մեկ պատվիրակով, որին կարող են օգնել փոխարինող պատվիրակները, խորհրդատուները և փորձագետները։
գ) Յուրաքանչյուր պատվիրակության ծախսերը պետք է հոգա դրանց նշանակած կառավարությունը։
2) ա) 3-րդ հոդվածի դրույթների պահպանման պայմանով` Վեհաժողովը պետք է.
(i) զբաղվի Հատուկ միության ստեղծման ու զարգացման` սույն Համաձայնագրի կիրառմանը վերաբերող բոլոր հարցերով,
(ii) ուղղություն տա Միջազգային բյուրոյին վերանայման խորհրդաժողովների նախապատրաստման վերաբերյալ,
(iii) քննարկի և հաստատի Կազմակերպության Գլխավոր տնօրենի (այսուհետ՝ Գլխավոր տնօրեն)` Հատուկ միությանը վերաբերող հաշվետվությունները և գործունեությունը և Հատուկ միության իրավասությունների մեջ մտնող հարցերով նրան տա բոլոր անհրաժեշտ հրահանգները,
(iv) որոշի ծրագիրը և հաստատի Հատուկ միության երկամյա բյուջեն ու հաստատի նրա ֆինանսական հաշվետվությունները,
(v) ընդունի Հատուկ միության ֆինանսական կանոնակարգերը,
(vi) որոշումներ կայացնի միջազգային դասակարգման՝ անգլերենից և ֆրանսերենից բացի` այլ լեզուներով պաշտոնական տեքստերի հաստատման վերաբերյալ,
(vii) ի լրումն 3-րդ հոդվածով սահմանված Փորձագետների կոմիտեի` ստեղծի փորձագետների այնպիսի այլ կոմիտեներ և աշխատանքային խմբեր, որոնք անհրաժեշտ է համարում Հատուկ միության նպատակների իրականացման համար,
(viii) որոշի, թե Հատուկ միության անդամ չհանդիսացող որ պետություններին և որ միջկառավարական ու միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին պետք է թույլատրվի դիտորդի կարգավիճակով մասնակցել իր հանդիպումներին,
(ix) ընդունի 5-8-րդ հոդվածների փոփոխությունները,
(x) ձեռնարկի ցանկացած այլ համապատասխան գործողություն, որը նախատեսված է Հատուկ միության նպատակներին աջակցելու համար,
(xi) իրագործի այնպիսի այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են սույն Համաձայնագրին։
բ) Կազմակերպության կողմից ղեկավարվող այլ Միություններին հետաքրքրող հարցերի առնչությամբ Վեհաժողովը պետք է իր որոշումները կայացնի Կազմակերպության Համակարգող կոմիտեի կարծիքը լսելուց հետո։
3) ա) Վեհաժողովի ցանկացած անդամ երկիր պետք է ունենա մեկ ձայն:
բ) Վեհաժողովի անդամ երկրների մեկ երկրորդը կազմում է քվորում։
գ) Անկախ «բ» ենթակետի դրույթներից, եթե որևէ նիստի ժամանակ ներկայացված երկրների թիվը մեկ երկրորդից քիչ է, սակայն հավասար է Վեհաժողովի անդամ երկրների մեկ երրորդին կամ ավելի է դրանից, Վեհաժողովը կարող է որոշումներ կայացնել, սակայն, բացառությամբ իր ընթացակարգերին վերաբերող որոշումների, բոլոր այդպիսի որոշումները պետք է ուժի մեջ մտնեն միայն ստորև սահմանված պայմանների կատարման դեպքում։ Միջազգային բյուրոն պետք է նշված որոշումների մասին հաղորդի Վեհաժողովի այն անդամ երկրներին, որոնք ներկայացված չեն եղել, և պետք է հրավիրի նրանց` գրավոր ձևով արտահայտելու համար իրենց քվեարկությունը կամ ձեռնպահ լինելը` հաղորդագրության օրվանից եռամսյա ժամկետում։ Եթե նշված ժամկետի ավարտին նշված ձևով քվեարկած կամ ձեռնպահ մնացած երկրների թիվը հասնում է քվեարկության համար անհրաժեշտ քանակին, որը չէր բավականացնում տվյալ նստաշրջանում քվորում ունենալու համար, ապա այդպիսի որոշումները պետք է համարվեն ընդունված` պայմանով, որ պահանջվող մեծամասնությունը այդպիսով ապահովված է։
դ) Պահպանելով 8 (2) հոդվածի դրույթները` Վեհաժողովի որոշումների համար պահանջվում է տրված ձայների երկու երրորդը։
ե) Ձեռնպահ քվեարկությունը հաշվի չի առնվում։
զ) Պատվիրակը կարող է ներկայացնել և քվեարկել միայն մեկ երկրի անունից։
4) ա) Վեհաժողովը պետք է հերթական նիստ գումարի յուրաքանչյուր երկու օրացուցային տարին մեկ անգամ` Գլխավոր տնօրենի հրավերով, և, բացառիկ հանգամանքների բացակայության դեպքում, միևնույն ժամանակահատվածում և այն նույն տեղում, որտեղ գտնվում է Կազմակերպության Գլխավոր Վեհաժողովը։
բ) Վեհաժողովի արտահերթ նստաշրջանը պետք է գումարվի Գլխավոր տնօրենի հրավերով, Վեհաժողովի անդամ երկրների մեկ չորրորդի պահանջով։
գ) Յուրաքանչյուր նստաշրջանի օրակարգը պետք է նախապատրաստվի Գլխավոր տնօրենի կողմից։
5) Վեհաժողովը պետք է ընդունի ընթացակարգի իր սեփական կանոնները։