Հոդված 13
Հոդված 13
1. Համաշխարհային ժառանգության կոմիտեն ստանում և ուսումնասիրում է միջազգային օգնություն տրամադրելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների ներկայացրած դիմումները՝ իրենց տարածքում գտնվող մշակութային և բնության ժառանգության մաս կազմող այն արժեքների առնչությամբ, որոնք ներառված են կամ կարող են ներառվել 11-րդ հոդվածի 2 և 4-րդ կետերում հիշատակված ցուցակներում: Նման դիմումների նպատակը կարող է լինել այդ արժեքների պաշտպանության, պահպանության, հանրամատչելի դարձնելու կամ վերականգնման ապահովումը:
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան միջազգային օգնության վերաբերյալ դիմումները կարող են վերաբերել նաև 1-ին և 2-րդ հոդվածներում սահմանված մշակութային կամ բնության ժառանգության հայտնաբերմանը, այն դեպքում, երբ նախնական հետազոտությունները վկայում են, որ հետագա հարցումները կարդարացվեն:
3. Կոմիտեն որոշում է, թե ինչ գործողություններ պետք է իրականացվեն այդ դիմումների կապակցությամբ, անհրաժեշտության դեպքում սահմանում է իր օգնության բնույթն ու ծավալը և իր անունից լիազորում անհրաժեշտ համաձայնագրերի կնքումը շահագրգիռ կառավարության հետ:
4. Կոմիտեն սահմանում է իր գործողությունների առաջնահերթության կարգը: Ընդ որում, նա հաշվի է առնում պաշտպանություն պահանջող արժեքի կարևորությունը մշակութային և բնության համաշխարհային ժառանգության համար, շրջակա միջավայրի կամ աշխարհի ժողովուրդների հանճարի ու պատմության առավել ներկայացուցչական արժեքներին միջազգային աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը և ձեռնարկվելիք աշխատանքների հրատապությունը, այն պետությունների ռեսուրսների ծավալը, որոնց տարածքում են գտնվում վտանգված արժեքները և, մասնավորապես, որքանով նրանք կկարողանան ապահովել այդ արժեքների պահպանությունն իրենց միջոցներով:
5. Կոմիտեն կազմում, համալրում և հրապարակում է այն արժեքների ցուցակը, որոնց համար միջազգային օգնություն է տրամադրվում:
6. Կոմիտեն որոշում է ընդունում սույն Կոնվենցիայի 15-րդ հոդվածին համապատասխան ստեղծված հիմնադրամի միջոցների օգտագործման վերաբերյալ: Նա փնտրում է այդ միջոցներն ավելացնելու աղբյուրներ և այդ նպատակով ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցները:
7. Կոմիտեն համագործակցում է միջազգային և ազգային, կառավարական և ոչ կառավարական այն կազմակերպությունների հետ, որոնք հետապնդում են սույն Կոնվենցիայի նպատակներին համանման նպատակներ: Կոմիտեն իր ծրագրերի և նախագծերի կատարման համար կարող է, մասնավորապես, դիմել Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման միջազգային հետազոտական կենտրոնի (Հռոմի կենտրոն), Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՈՄՈՍ) ու Բնության և բնական պաշարների պահպանության միջազգային միության (ՄՍՈՊ), ինչպես նաև պետական ու մասնավոր մարմինների և առանձին անձանց օգնությանը:
8. Կոմիտեի որոշումներն ընդունվում են ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող անդամների երկու երրորդի մեծամասնությամբ: Քվորում կազմում է Կոմիտեի անդամների մեծամասնությունը: