Հոդված 11
Հոդված 11
1. Սույն Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն, ըստ հնարավորության, Համաշխարհային ժառանգության կոմիտեին ներկայացնում է իր տարածքում գտնվող մշակութային և բնության ժառանգության այն արժեքների ցանկը, որոնք կարող են ընդգրկվել սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված ցուցակում: Այդ ցանկը, որը չպետք է սպառիչ համարել, պետք է բովանդակի փաստաթղթեր տվյալ արժեքների գտնվելու վայրի և դրանց նշանակության վերաբերյալ:
2. Պետությունների կողմից 1-ին կետին համապատասխան ներկայացվող ցանկերի հիման վրա Կոմիտեն կազմում, համալրում և «Համաշխարհային ժառանգության ցուցակ» անվամբ հրատարակում է մշակութային և բնության ժառանգության մաս կազմող արժեքների ցուցակ, ինչպես դրանք սահմանված են սույն Կոնվենցիայի 1-ին և 2-րդ հոդվածներում, որոնք Կոմիտեն համարում է բացառիկ համընդգրկուն արժեք՝ իր սահմանած չափանիշներին համապատասխան: Համալրված ցուցակն ուղարկվում է ոչ ուշ, քան երկու տարին մեկ անգամ:
3. Համաշխարհային ժառանգության ցուցակում արժեքի ընդգրկումը պահանջում է շահագրգիռ պետության համաձայնությունը: Այն տարածքում գտնվող արժեքի ընդգրկումը, որի նկատմամբ ինքնիշխանությունը կամ իրավազորությունը մի քանի պետությունների կողմից վիճարկվում է, ոչ մի կերպ չի անդրադառնում վիճող կողմերի իրավունքների վրա:
4. Կոմիտեն, երբ պահանջում են հանգամանքները, կազմում, համալրում և «Վտանգված համաշխարհային ժառանգության ցուցակ» անվամբ հրատարակում է Համաշխարհային ժառանգության ցուցակում հիշատակված այն արժեքների ցուցակը, որոնց պահպանության նպատակով պահանջվում են զգալի աշխատանքներ, և որոնց համար սույն Կոնվենցիայի շրջանակներում օգնություն է խնդրվել: Այդ ցուցակում նշվում է գործողությունների մոտավոր արժեքը: Ցուցակում կարող են ընդգրկվել մշակութային և բնության ժառանգության մաս կազմող այն արժեքները միայն, որոնց սպառնում են լուրջ և կոնկրետ վտանգներ, ինչպես, օրինակ, ուժեղացող ավերման հետևանքով անհետացման վտանգը, հասարակական կամ մասնավոր խոշորամասշտաբ աշխատանքների ծրագրերը, քաղաքների և զբոսաշրջության արագ զարգացման ծրագրերը, հողի նշանակության կամ սեփականության իրավունքի փոփոխման հետևանքով ավերածությունները, անհայտ պատճառներով լուրջ վնասվածքները, այս կամ այն պատճառով լքվածությունը, զինված ընդհարումների բռնկումն ու սպառնալիքը, տարերային աղետներն ու կատակլիզմները, մեծ հրդեհները, երկրաշարժերը, սողանքները, հրաբխային ժայթքումները, ջրի մակարդակի փոփոխությունը, ջրհեղեղները և մակընթացությունները: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում Կոմիտեն կարող է ցանկացած պահի Վտանգված համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել նոր արժեք և անհապաղ հայտնել այդ մասին:
5. Կոմիտեն սահմանում է այն չափանիշները, որոնց հիման վրա մշակութային կամ բնության ժառանգությանը պատկանող արժեքը կարող է ընդգրկվել սույն հոդվածի 2 և 4-րդ կետերում նախատեսված երկու ցուցակներ:
6. Նախքան արժեքը՝ սույն հոդվածի 2 և 4-րդ կետերում հիշատակված երկու ցուցակներից որևէ մեկում ընդգրկելու խնդրանքը մերժելը, Կոմիտեն խորհրդակցում է այն մասնակից պետության հետ, որի տարածքում է գտնվում մշակութային կամ բնության ժառանգության տվյալ արժեքը:
7. Կոմիտեն, շահագրգիռ պետությունների հետ պայմանավորվածության համաձայն, համակարգում և խրախուսում է սույն հոդվածի 2 և 4-րդ կետերում նշված ցուցակները կազմելու համար անհրաժեշտ ուսումնասիրությունների և հետազոտությունների անցկացումը: